Հոգեբանական խմբային թերապիան շարունակում է լինել Հանգանակի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը՝ ապահովելով ապահով և վստահելի միջավայր, որտեղ մեր շահառուները կարող են կիսվել իրենց զգացմունքներով, մտքերով և կենսափորձով։
Վերջին հանդիպումը, ինչպես միշտ, վարել է «Էմփատիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, հոգեթերապևտ դոկտոր Անահիտ Լալայանը։ Թեման խորը հուզական էր՝ հիշողություններ Արցախի շրջափակման մասին և այն ապրումները, որոնք կապված են այդ դժվար ժամանակների հետ։
Դոկտոր Լալայանը խրախուսեց մասնակիցներին պատմել այդ ժամանակաշրջանի մասին, արտահայտել իրենց հույզերն ու մտքերը։ Գրեթե բոլորն ակտիվ մասնակցեցին զրույցին՝ կիսվելով ցավով, կարոտով, բայց նաև տոկունությամբ։ Շատերը նշեցին, որ նույնիսկ բոլոր դժվարությունների պայմաններում իրենք կնախընտրեին ապրել շրջափակման մեջ, միայն թե լինեին իրենց հայրենիքում։
Այս անկեղծ ու հուզիչ քննարկումները օգնում են մասնակիցներին վերապրել դժվար պահերը, գտնել ներքին ուժ և հասկանալ, որ իրենց ապրումներով կիսվելով մյուսների հետ, օգնում է հաղթահարել դժվարությունները։ Հանդիպման ընթացքում կրկին երևաց, թե որքան կարևոր է խոսել, լսել և ընդունել իրողությունը՝ որպես ապաքինման ուղի։
Հանդիպման ջերմ մթնոլորտին իր մասնակցությամբ համ ու հոտ տվեց մեր երիտասարդ կամավոր Անուշ Կասյանը, ով պատրաստեց բուրումնավետ թեյ բոլորի համար՝ տարածելով հոգատարության և ջերմության զգացում։
Հանգանակում մենք հավատում ենք, որ հոգեբանական աջակցությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական խնամքը։ Այս հանդիպումները դառնում են ոչ միայն փոխօգնության, այլև հույսի և մարդկային կապի աղբյուր մեր շահառուների համար։


