Հանգանակի «Առողջ ապրելակերպ» շարքի հերթական հանդիպումը նվիրված էր շաքարային դիաբետին՝ տարեցների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկին։ Պարապմունքը, ինչպես միշտ, վարում էր բժիշկ Լիլյա Սեյրանյանը, ով ներկայացրեց թեմայի վերաբերյալ հետաքրքիր և հասկանալի դասախոսություն։
Բժիշկ Սեյրանյանը մասնակիցներին բացատրեց դիաբետի պատճառները և զարգացման մեխանիզմները, խոսեց հիվանդության հիմնական առանձնահատկությունների, բուժման մոտեցումների, ինչպես նաև հնարավոր բարդությունների և դրանց կանխարգելման մասին։ Նա հատկապես ընդգծեց, որ բալանսավորված սնունդը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը դիաբետի բուժման և կառավարման անբաժանելի մասն են։
Բժշկի դասախոսությունից հետո կինեզոթերապեւտ Անուշ Շեքյանը իրականացրեց հատուկ ֆիզիկական վարժությունների շարք, որոնք նախատեսված էին շաքարային դիաբետ ունեցող անձանց համար։ Վարժությունները նպատակ ունեին բարելավել արյան շրջանառությունը, հոդերի շարժունակությունը և ճկունությունը, ինչպես նաև նպաստել արյան շաքարի մակարդակի կարգավորմանը։ Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ներգրավվեցին վարժություններին՝ վայելելով թե՛ շարժումը, թե՛ միասնական մոտիվացիայի և ուրախության մթնոլորտը։
Հանդիպումը շատ ակտիվ և հետաքրքիր էր․ շահառուները կիսվեցին իրենց անձնական փորձով, տվեցին բազմաթիվ հարցեր և ստացան գործնական խորհուրդներ՝ հարմարեցված իրենց առօրյային։ Թեմատիկ զրույցը վերածվեց ջերմ և վստահ միջավայրի, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարողացավ ստանալ իրեն անհրաժեշտ գործնական գիտելիքները:
Պարապմունքից հետո տիրում էր ջերմ և ուրախ մթնոլորտ․ մեր շահառուներից մեկը՝ տիկին Էմման, պատրաստեց առանց շաքարի, սպիտակուցներով հարուստ դիետիկ աղանդեր՝ համեղ կիտրոնա-կաթնաշոռային պիրոգ, որը հիանալի օրինակ էր, թե ինչպես կարելի է համադրել առողջ և համեղ սնունդը։
Մեր երիտասարդ կամավորուհին՝ ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Կասյանը, սիրով օգնեց տիկին Էմմային տորթի պատրաստման ընթացքում։ Նա նաև պատրաստեց թեյ և հյուրասիրեց շահառուներին՝ ստեղծելով իսկապես ջերմ և հոգատար մթնոլորտ։
Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ ընդգծում են Հանգանակի առաքելությունը՝ խթանել տարեցների առողջությունը, բարձրացնել իրազեկվածությունը և համատեղել բժշկական գիտելիքը մարդկային ջերմությամբ, հոգատարությամբ և համայնքի զգացումով։

