Սեպտեմբերի 12, 2026 թ․

«Հանգանակ» ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ AAMA Boston-ից՝ Կոտայքի մարզում բնակվող բռնի տեղահանված տարեցների տնային խնամքը շարունակելու համար

«Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպությունն ուրախությամբ հայտնում է, որ Բոստոնի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիան (AAMA Boston) տրամադրել է դրամաշնորհ՝ Արցախից բռնի տեղահանված և այժմ Հրազդանում ու Կոտայքի մարզի հարակից համայնքներում բնակվող տարեցների տնային խնամքի ծառայությունները շարունակելու նպատակով։

Ֆինանսական սահմանափակումների պայմաններում այս աջակցությունն էական նշանակություն ունի շուրջ 35 խոցելի տարեցների խնամքն ապահովելու համար։ Նրանց թվում են միայնակ ապրող, քրոնիկ հիվանդություններ, հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք: Լրացնելով հուլիսի 1-ին մեկնարկած՝ Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) աջակցությամբ իրականացվող ծրագրի նոր փուլի ֆինանսավորումը՝ AAMA Boston-ի դրամաշնորհը մեզ հնարավորություն է տվել առավել արդյունավետ բաշխել առկա միջոցները և Կոտայքի մեր շահառուների համար պահպանել անհրաժեշտ ծառայությունների ամբողջ ծավալը։

Կանոնավոր տնայցերի ընթացքում «Հանգանակ»-ի բժիշկը, բուժքույրը եւ սոցիալական աշխատողը հետևում են շահառուների առողջական վիճակին, աջակցում նշանակված դեղորայքի ճիշտ ընդունմանը և օգնում առօրյա կարիքները հոգալուն։ Դրամաշնորհը նաև նպաստում է անհրաժեշտ տրանսպորտային ծախսերի, ինչպես նաեւ բժշկական և խնամքի պարագաների ապահովմանը։

Իրենց տներն ու հարազատ միջավայրը կորցրած տարեցների համար այս այցելությունները գործնական օգնությունից բացի նաև շփման, հաղորդակցվելու եւ լսված լինելու հնարավորություն են: «Հանգանակ»-ի՝ 2025 թվականին իրականացրած ելակետային հետազոտությունը բացահայտել է տեղահանված տարեցների առողջապահական, խնամքի և հոգեսոցիալական զգալի կարիքներ՝ ընդգծելով շարունակական և անհատական համապարփակ աջակցության կարևորությունը։

AAMA-ի աջակցությամբ իրականացվող տնային խնամքը նաև փոխլրացնում է EPF-ից ստացված դրամաշնորհով Հրազդանում արդեն մեկնարկած՝ «Հանգանակ»-ի համայնքային կենտրոնի ծրագիրը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են հոգեսոցիալական աջակցության, կրթական, ստեղծագործական և սոցիալական միջոցառումներ տեղահանված և ընդունող համայնքների տարեցների համար։ Այս երկու ծրագրերը համատեղ հնարավորություն են տալիս աջակցել տարեցներին ինչպես տանը, այնպես էլ համայնքում՝ նպաստելով նրանց բարեկեցությանը, սոցիալական կապերի ամրապնդմանը և համայնքային կյանքին մասնակցությանը։

Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում AAMA-ին՝ վստահության և տեղահանված տարեցների բարեկեցությանն ուղղված աջակցության համար։ Այս ներդրումն օգնում է մեր թիմին շարունակել լինել մեր շահառուների կողքին, որոնց առողջությունն ու առօրյա բարեկեցությունը պահանջում են մշտական ուշադրություն և հոգատար խնամք։


2004 թվականին Արցախում հիմնադրված «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո իր առաքելությունը շարունակում է Հայաստանում։ Տնային բժշկական և սոցիալական խնամքի և համայնքահեն ծրագրերի միջոցով մենք շարունակում ենք օգնել տարեցներին պահպանել իրենց առողջությունը, ապրել արժանապատիվ և իմաստալից կյանքով։