Երբ մարդիկ հանդիպում են ոչ միայն որևէ զբաղմունքի մասնակցելու, այլև միմյանց տեսնելու, լսելու և իրենց օրը միասին անցկացնելու ցանկությամբ, աստիճանաբար ծնվում է համայնք։ Հենց այսպիսի ջերմ ու հարազատ միջավայր է ձևավորվում Հրազդանում գործող՝ տեղահանված տարեցների համայնքահեն կենտրոնում։
Կենտրոնի յուրաքանչյուր շաբաթը նոր հանդիպումներ, անկեղծ զրույցներ և փոքրիկ, բայց կարևոր ուրախություններ է բերում Արցախից բռնի տեղահանված տարեցներին։ Այստեղ նրանք ոչ միայն տարբեր ծառայություններ և աջակցություն ստացողներ են, այլև կենտրոնի առօրյան ստեղծող ակտիվ մասնակիցներ՝ իրենց պատմություններով, գիտելիքներով, շնորհներով և հոգատարությամբ։
Այս շաբաթ կենտրոնի աշխատանքների համակարգող և խմբավար Անուշ Շեկյանը մասնակիցներին հրավիրել էր Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան այգի, որը տեղացիները ջերմորեն անվանում են «Եղևնիների պուրակ»։ Աշնանային բնության գրկում անցկացրած հանդիպումը վերածվել էր ընկերական փոքրիկ տոնի։ Մասնակիցներն իրենք էին պատրաստել համեղ ուտեստներ և սիրով հյուրասիրում էին միմյանց։ Սեղանի շուրջ ծավալվել էին անկեղծ զրույցներ, պատմություններ ու հիշողություններ։ Այդ պարզ ու ջերմ պահերին հատկապես զգացվում էր, թե որքան կարևոր են տարեցների համար միասին լինելու, հոգատարություն տալու և ստանալու հնարավորությունները։
Այս շաբաթվա հանդիպումները ներառում էին նաև թեթև ֆիզիկական ակտիվություն։ Անուշը, որը նաև կինեզոթերապիստ է, մասնակիցների համար անցկացրեց նրանց տարիքին և կարողություններին համապատասխան վարժություններ։ Շարժումները կատարում էին միասին՝ ժպիտով և միմյանց քաջալերելով։ Այս պարապմունքները նպաստում են ոչ միայն շարժունակության պահպանմանը, այլև բարձրացնում են տրամադրությունը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և խմբի միասնականության զգացումը։
Չորեքշաբթի օրը, կենտրոնի մշակված օրացույցի համաձայն, տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբային պարապմունք։ Այս անգամ մասնակիցները համատեղ ստեղծագործական աշխատանքի միջոցով պատկերեցին մեծ ու գունավոր ծաղիկ։ Յուրաքանչյուր թերթիկ ուներ իր գույնը, խորհուրդն ու պատմությունը։ Երբ աշխատանքն ավարտվեց, մասնակիցները ծաղիկը ներկայացրին որպես իրենց համայնքի խորհրդանիշ․ տարբեր գույներով ու անհատականություններով մարդիկ, որոնք կապված են ընդհանուր կենտրոնի շուրջ՝ վստահությամբ, փոխադարձ աջակցությամբ և միասին լինելու ցանկությամբ։
Այդ ծաղիկը պարզապես նկար չէր։ Այն դարձավ կենտրոնում ձևավորվող նոր հարաբերությունների խորհրդանիշ։ Ինչպես ծաղկի յուրաքանչյուր թերթիկ է անհրաժեշտ նրա ամբողջական գեղեցկության համար, այնպես էլ խմբի յուրաքանչյուր անդամ իր ներկայությամբ, փորձով և ջերմությամբ կարևոր է այս համայնքի համար։
Բռնի տեղահանությունը տարեցներից շատերին զրկել է ոչ միայն իրենց տնից, այլև տարիներով ձևավորված հարազատ միջավայրից, ընկերական կապերից և առօրյա կյանքի սովորական ընթացքից։ Այդ պատճառով կենտրոնի աշխատանքը շատ ավելին է, քան նախատեսված միջոցառումների շարքը։ Այն հնարավորություն է նորից սպասելու հաջորդ հանդիպմանը, վերագտնելու մարդկանց հետ շփվելու ուրախությունը, շարժվելու, ստեղծագործելու, հիշողություններով կիսվելու և զգալու, որ միայնակ չես։
«Հանգանակ» բարեգործական ՀԿ-ն շարունակելու է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տեղահանված տարեցները կարող են լինել լսված, ընդունված, ակտիվ և գնահատված։ Մեզ համար կարևոր է, որ կենտրոնն աստիճանաբար դառնա նրանց հարազատ վայրը՝ մի փոքրիկ համայնք, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր տեղն ու իր գույնը։
Ծրագիրն իրականացվում է «Հանգանակ» բարեգործական ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և Եվրասիա համագործակցություն հիմնադրամին՝ այս կարևոր հանդիպումներն ու համայնքային կյանքը հնարավոր դարձնելու համար։ Շնորհակալ ենք նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Հրազդանի գրասենյակին՝ կենտրոնի աշխատանքների համար տարածք տրամադրելու և համագործակցության համար։
Եվ ամենից առաջ շնորհակալ ենք մեր մասնակիցներին, որոնք իրենց ներկայությամբ, անկեղծությամբ և միմյանց հանդեպ հոգատարությամբ օրեցօր կենդանացնում են կենտրոնը։ Նրանց համատեղ ստեղծած գունավոր ծաղիկն արդեն իսկ պատմում է ամենակարևորի մասին՝ նույնիսկ ամենադժվար կորուստներից հետո համայնքը կարող է կրկին ծաղկել։

