Հրազդանում և հարակից համայնքներում «Հանգանակի» բժշկական և սոցիալական խնամքի թիմը շարունակում է այցելել Արցախից բռնի տեղահանված 35 տարեցների։ Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (AAMA Boston) աջակցությամբ մենք նրանց տրամադրում ենք բժշկական խնամք և հոգեսոցիալական աջակցություն։ Տեղահանումը խաթարել է տարիների ընթացքում ձևավորված կապերը, իսկ շատերի համար դժվարացել է օգտվել այն բուժօգնությունից ու ծառայություններից, որոնք նախկինում հասանելի էին։
Տնայցի ընթացքում, երբ չափում ենք արյան ճնշումը կամ զրուցում նշանակված դեղերի մասին, ժամանակ ենք գտնում նաև կողք կողքի նստելու և հարցնելու․ «Ինչպե՞ս եք հիմա։ Մեր վերջին այցից հետո ի՞նչ է փոխվել ձեր առօրյայում»։
Երբեմն մարդուն ամենից շատ մտահոգում է կացարանի հարցը կամ այն, թե ինչպես ստանալ պետական աջակցություն։ Մեր սոցիալական աշխատողն օգնում է տարեցներին պարզել՝ սոցիալական բնակարանի կամ պետական աջակցության որ ծրագրերից կարող են օգտվել, ում դիմել և ինչ քայլեր ձեռնարկել։ AAMA Boston-ի դրամաշնորհով բժշկական պարագաներ և անմիզապահության խնամքի միջոցներ ենք տրամադրում նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն։ Յուրաքանչյուրն իր հոգսն ունի, և միայն լսելով ենք հասկանում՝ որտեղից սկսել և ինչպես օգնել։
Հրազդանի մեր համայնքային կենտրոնը, որը գործում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) տրամադրած առանձին դրամաշնորհով, դարձել է Կոտայքի տարեցների հանդիպման վայր։ Այստեղ Արցախից տեղահանված և տեղացի տարեցները ծանոթանում են միմյանց, մասնակցում խմբային զրույցների ու ստեղծագործական պարապմունքների։ Նրանք կարող են սովորել միմյանցից, պատմել իրենց ընտանիքներում պահպանված ավանդույթների մասին կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել նոր ծանոթների հետ։
AAMA Boston-ի աջակցությունը հիմնականում ուղղված է Կոտայքում բնակվող մեր շահառուների տնային խնամքին։ Դրա շնորհիվ կարողացանք Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) դրամաշնորհից ավելի շատ միջոցներ հատկացնել նոյեմբերյան սննդի փաթեթների ձեռքբերմանը՝ մեր ծրագրի բոլոր 200 տարեցների համար։ Նոյեմբերյան սննդի բաշխման մասին մեր հրապարակման պահին բաշխումը գրեթե ավարտվել էր Երևանում և Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում։ Մեր թիմի հաջորդ այցը նախատեսված է Լոռու մարզ։
Սրտանց շնորհակալ ենք AAMA Boston-ին՝ Կոտայքում տնային խնամքի շարունակականությունն ապահովելու համար, AWWA-ին՝ մեր տարեցների կողքին երկար տարիներ լինելու համար, և ԵՀՀ-ին՝ Հրազդանի համայնքային կենտրոնին աջակցելու համար։ Ուզում ենք, որ մեր տարեցներն իմանան՝ երբ խնամքի կարիք ունեն կամ բնակարանի հետ կապված հարց, կամ երբ պարզապես ուզում են զրուցել, «Հանգանակում» միշտ կա մեկը, ում կարող են դիմել։
Կոտայքում մեր աշխատանքի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆոտոշարքում։

