Երբ մշակույթը վերադարձնում է ժպիտը եւ ծիծաղը․ ջերմ կիրակի Հրազդանի դրամատիկական թատրոնում

Երբեմն առօրյա հոգսերից մի քանի ժամով հեռանալը, միասին ծիծաղելը և արվեստի գեղեցիկ աշխարհում հայտնվելը կարող են իսկական տոն դառնալ։ Հենց այդպիսի լուսավոր ու հիշարժան օր ունեցան Հրազդանի՝ տեղահանված տարեցների համայնքահեն կենտրոնի մասնակիցները։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում «Հանգանակ» բարեգործական ՀԿ-ն կազմակերպեց հերթական մշակութային միջոցառումը՝ տարեցներին հրավիրելով Հրազդանի դրամատիկական թատրոնի կիրակնօրյա ներկայացմանը։

Այս անգամ նրանք դիտեցին Հակոբ Պարոնյանի հանրահայտ «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը։ Ներկայացման մասին հայտարարությունը տարածել էինք նաև Հրազդանում բնակվող արցախցիների ընդհանուր հաղորդակցման խմբում, որպեսզի կենտրոնի մշտական մասնակիցներից բացի միանալու հնարավորություն ունենան նաև մշակութային կյանքին մասնակցելու ցանկություն ունեցող այլ տարեցներ։ Արձագանքը շատ ջերմ էր․ ներկայացմանը ներկա գտնվելու ցանկություն հայտնեց 15 տարեց։

Թատրոնի դահլիճում տիրող աշխույժ մթնոլորտը, դերասանների վառ խաղը, երաժշտությունն ու Պարոնյանի անզուգական հումորը առաջին իսկ րոպեներից գրավեցին մեր մասնակիցներին։ Դահլիճում հնչող ծիծաղը վկայում էր, թե որքան էին նրանք վայելում ներկայացումը։ Մի քանի ժամ շարունակ առօրյա հոգսերն ու ծանր հիշողությունները կարծես մնացել էին թատրոնի դռներից այն կողմ։Ներկայացումից հետո բոլորը տուն վերադարձան բարձր տրամադրությամբ և դեռ երկար քննարկում էին ամենազվարճալի տեսարաններն ու դերասանների խաղը։ Մասնակիցներից շատերը ջերմորեն շնորհակալություն հայտնեցին և խոստովանեցին, որ վաղուց նման հաճույք չէին ապրել։

Այս անկեղծ խոսքերը ևս մեկ անգամ հիշեցրին մեզ, որ մշակութային մասնակցությունը պարզապես ժամանց չէ։ Բռնի տեղահանություն և մեծ կորուստներ ապրած տարեցների համար այն հնարավորություն է դուրս գալու առօրյա մեկուսացումից, հանդիպելու միմյանց, միասին ապրելու ուրախ հույզեր և կրկին իրենց զգալու համայնքի մշակութային կյանքի լիարժեք մասնակից։

Հրազդանի համայնքահեն կենտրոնում մենք ձգտում ենք ստեղծել ոչ միայն հանդիպումների և ծառայությունների վայր, այլև կենդանի ու ջերմ համայնք։ Այստեղ յուրաքանչյուր նոր հանդիպում, համատեղ զբոսանք, ստեղծագործական պարապմունք կամ մշակութային միջոցառում օգնում է մարդկանց ավելի մոտենալ միմյանց, ձևավորել նոր կապեր և վերագտնել կյանքի փոքրիկ ուրախությունները։

260_6
260_5

Մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ կենտրոնի գործունեության մասին տեղեկությունը հասնում է ավելի լայն շրջանակի, և նոր մարդիկ նույնպես ցանկություն են հայտնում միանալ։ Դա նշանակում է, որ համայնքը աստիճանաբար ընդլայնվում է, իսկ մարդկանց միջև վստահությունն ու պատկանելիության զգացումը՝ ամրապնդվում։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և Եվրասիա համագործակցություն հիմնադրամին՝ այս մշակութային հանդիպումը հնարավոր դարձնելու և Արցախից բռնի տեղահանված տարեցների սոցիալական ներառմանը, ակտիվ ծերացմանն ու հոգեբանական բարեկեցությանը շարունակաբար աջակցելու համար։

Այդ երեկո թատրոնից վերադարձող մեր տարեցների ժպիտները պատմում էին ամենակարևորի մասին․ երբ մարդուն հնարավորություն է տրվում կրկին ծիծաղելու, տպավորվելու և ուրախությունը ուրիշների հետ կիսելու, նրա կյանքում նորից լույս է հայտնվում։