Բենիկ Գ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին։

Բենիկը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին 5 երեխա՝ 4 տղա եւ 1 աղջիկ։ Բենիկը ընտանիքի երրորդ երեխան էր։

Ծանր ընտանեկան պայմաններից ելնելով Բենիկը չորրորդ դասարանն ավարտելուց հետո ստիպված ուսումը թողնում է կիսատ ու սկսում աշխատել կոլտնտեսությունում, որպեսզի որոշ չափով թեթեւացնի ընտանիքի հոգսերը։ 1952 թվականին տեղափոխվում է Բաքու, որտեղ սկսում է աշխատել որպես բանվոր։ 1953 թվականին ամուսնանում է, սակայն որոշ ժամանակ անց նրանց համատեղ կյանքն անհնար է դառնում ու բաժանվում են։ Տարիներ անց Բենիկը նորից ամուսնանում է։ Երկրորդ ամուսնությունից ունենում է 1 տղա եւ 1 աղջիկ։

1988 թվականին, երբ սկսում է արցախյան ազգային-ազատագրական շարժումը, նրանք ստիպված տեղափոխվում են հայրենի Հաթերք գյուղը, իսկ որոշ ժամանակ անց Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը։ Տղան արցախյան առաջին պատերազմի տարիներից անհայտ կորած է, իսկ աղջիկը 2013 թվականին մահանում է քաղցկեղից։

Բենիկը եւ իր կինը՝ Եվգենյան, Հանգանակի շահառու են 2020 թվականի հունվարից, երբ սկսեց գործել Ասկերանի շրջանի ծրագիրը։ Սակայն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Եվգենյան մահանում։ Այժմ Բենիկը ապրում է Ստեփանակերտում՝ թոռան ընտանիքի հետ՝ վարձակալված բնակարանում, քանի որ Իվանյանի իր բնակարանը ամբողջությամբ վթարային էր եւ այնտեղ ապրելն անհնար էր։

Նրա թոշակը կազմում է 52800 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։

Նա առողջությունից չի բողոքում։ Շատ գոհ է Հանգանակից իրեն կցված բուժակ Թաթուլ Շեկյանից, ով հաճախակի է զանգում իրեն, զրուցում ու հետաքրքրվում իր առողջական վիճակով։

Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։ Նա իր շնորհակալությունն է հայտնում Հանգանակի բարերարներին եւ ողջ անձնակազմին։