Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով «Հանգանակ» ՀԿ երբեք չի զբաղվել: Թեկուզ այն հանրային առողջության վերաբերող առանցքային խնդիրներից մեկն է, իսկ Հանգանակը մի կազմակերպություն է, որի նպատակը եղել է եւ կա հանրային առողջության բարելավումը: Այդպիսի հարց ծագեց, երբ ինսուլինակախյալ հիվանդներին որոշվեց ապահովել ներարկիչներով: Իսկ ի՞նչ պետք է անել օգտագործված ներարկիչների հետ: Այսպես ծագեց բժշկական թափոնների ճիշտ կառավարման հրամայականը: Հարցումներից պարզ դարձավ, որ Հանգանակի շահառուները պարբերաբար ամբուլատոր բուժում ստանալով, խնդիր չեն տեսել բժշկական թափոնները կենցաղային թափոններին խառնելու մեջ: Եվ այսպես տարիներ շարունակ, ինչպես եւ Արցախի ամբողջ բնակչությունը:
Որպես սկիզբ մենք մտածեցինք նախ եւ առաջ հավաքել օգտագործված ներարկիչները, որից հետո պարզել, թե ինչպես կարելի է կազմակերպել դրանց ոչնչացումը: Ամենահեշտ եւ մատչելի ձեւը, ինչպես մեզ հուշեցին ՀԿԲՄ մեր գործընկերները, օգտագործված ներարկիչների հավաքումն է պլաստիկ շշերում: Շահառուներին տրամադրվեց մեկ ամսվա անհարժեշտ քանակության միանվագ օգտագործման ներարկիչներ եւ տրվեցին համապատասխան ցուցմունքներ՝ յուրաքանչյուր ներարկումից անմիջապես հետո ներարկիչները հավաքել պլաստիկ շշերում: Ամսվա վերջին սպասարկող քույրերը դրանք կհասցնեն Հանգանակի գրասենյակ:
Իսկ այդ ընթացքում մենք կատարեցինք մի փոքր ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե ինչպես են այդ հարցը լուծում Ստեփանակերտի բուժհիմնարկները: Այսպիսով, մենք իմացանք, որ որոշ բուհիմնարկներ ունեն իրենց սեփական ինսիներատորները, որտեղ եւ իրականացվում է հիմնարկի բժշկական թափոնների թերմիկ ոչնչացումը: Պարզ ասած, վերջիններս այրվում են հատուկ դրա համար նախատեսված մասնագիտացված վառարաններում: Այդպիսի վառարան ունի մասնավորապես Հակապալարախտային դիսպանսերը, որտեղ բացի իրենց սեփական թափոններից, ոչնչացվում են եւ այլ հիմնարկների բժշկական թափոններ: Սակայն դեռեւս մեզ համար պարզ չէր, թե ինչ սկզբունքներով է դա կատարվում:
Օգոստոսի վերջին, երբ հավաքվեցին այդ ամսվա ընթացքում կիրառված ներարկիչները, իսկ ինսուլինակախյալ հիվանդները մեզ մոտ 5-ն են, ուստի ունեցանք ոչ մեծ քանակի թափոններ, մենք արդեն գիտեինք, թե ում պիտի դիմենք: Սակայն ցանկացանք դա անել իրավաբանորեն ճիշտ, ուստի դիմեցինք առողջապահության նախարարություն:
Մեր հարցը ստացավ իր լուծումը: ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնյան զանգահարեց Հակապալարախտային դիսպանսեր եւ այնտեղից մեզ հայտնեցին, որ, քանի որ թափոնները ամեն օր չեն ոչնչացվում, այլ հավաքվում են եւ միայն բավարար քանակությամբ թափոնների դեպքում են վառարանը օգտագործում, ուրեմն մեզ կհայտնեն, թե երբ կարող ենք մեր թափոնները բերել:
Մի քանի օրից մեզ զանգահարեցին եւ հայտնեցին, որ կարող ենք թափոնները հասցնել Հակապալարախտային դիսպանսեր: Ինչն էլ մենք անմիջապես կատարեցինք:
Մենք դեռ կվերադառնանք այս թեմային և կատմենք, թե ինչպես է ամեն ինչ իրականում տեղի ունենում, բայց այս պահին չենք կարող հստակ ասել, թե ինչպես են բժշկական թափոնները կառավարվում Արցախում: Բայց մենք հանդիպեցինք նման պատկերի, որը ներկայացված է լուսանկարներում, և որը չենք մեկնաբանում: