Գերիատրիայի դասընթացներ. Օր առաջին (ֆոտոշարք)

Մարտի 4-ին Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի գրասենյակում սկսվեցին «Հանգանակ» ՀԿ աշխատակիցների համար կազմակերպված դասընթացները: Դասընթացների նախօրեին՝ մարտի 3-ին, միկրոավտոբուսը, որ տրամադրվել էր կազմակերպությանը աշխատակիցներին տեղափոխելու համար, ժամանեց ՀՕՖ-ի գրասենյակ, որտեղ արդեն սպասում էին դասընթացների մասնակիցներին: Կացության խնդիր ունեցող 4 մասնակցի նրանք տեղափոխեցին իրենց պատկանող հյուրերի համար նախատեսված 3-սենյականող հարմարավետ բնակարանը: Մնացած 6 մասնակիցները կացության խնդիր չունեին: Բոլոր մասնակիցները շատ ոգեւորված էին սպասվող դասընթացների ակնկալիքներից:

Շատ հարմարավետ եւ ժամանակակից գրասենյակում մեկնարկեցին դասընթացները: Արթուր Թորոսյանը եւ Լիլիթ Մուրադյանը ներկայացրին Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի հիմնադրման եւ կայացման պատմությունը, նրանց կողմից իրականացվող ծրագրերը: Դասընթացների սկզբում մասնակիցները հանձնեցին թեստ, որոշելու գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի մասին մասնակիցների պատկերացումները եւ գիտելիքների մակարդակը: Նույն թեստը կանցկացվի եւ դասընթացների վերջում՝ գնահատելու դասընթացների ադյունավետությունը:

Լիլիթ Մուրադյանը լինելով հոգեբան, ներկայացրեց տարեց մարդկանց մոտ հանդիպող հոգեբանական խնդիրները, նրանց սկզբնապատճառները եւ ժամանակակից մոտեցումները: Լինելով ծանոթ այդ բոլոր խնդիրներին իրենց գործնական կյանքում, մասնակիցների համար հեշտ էր ընկալել նյութը, դասակարգել խնդիրները եւ տալ հստակ անվանումներ:

Դասընթացի երկրորդ մասը նվիրված էր գերիատրիկ համախտանիշներին: Դասախոսը  Զարուհի Վահանյանն էր, որ կանգնած է Հայաստանում գերիատրիայի հիմնադրման ակունքներում: Գերիատրիան լինելով նոր ուղղություն Հայաստանում, նույնիսկ տերմինները բոլորովին նոր են: Մասնակիցները շատ ակտիվ էին, փորձում էին օրինակներ բերել սեփական փորձից: Շատ հարուստ եւ հետաքրքիր դասընթաց էր, որ մեծ ոգեւոություն առաջացրեց մասնակիցների մոտ:

Վերջում ամփոփելով օրվա տպավորությունները, մասնակիցները ներկեցին իրենց տրված թղթե տերեւիկները դասընթացից ստացած զգացողություններին համապատասխան: