Սեդան ամեն առավոտ վեր է կենում եւ, արդեն սովորություն է դարձրել, դուրս է գալիս տնից եւ գնում է մինչեւ փողոցի վերջը, որտեղ վերջանում է տների շարքը եւ տեսարան է բացվում դեպի Շուշի: Պարզ երեւում է Ղազանչեցոց եկեղեցու ավիրված գմբեթը: Նա իր թույլ տեսողությամբ լավ չի նշմարում բոլոր շենքերը, բայց հիշողությամբ վերականգնում է ամեն մանրամասներ…
Երբ պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ… իր տունը չէ, այն այլեւս իրենը չի, Ստեփանակերտ վերադարձավ, շատ դժվարությամբ գտավ այս կացարանը: Դա մի նկուղ է, ապրելու համար ոչ պիտանի, նա նույնիսկ չի պատկերացնում, թե ինչի համար էր այն ծառայում մինչեւ իր այդտեղ բնակվելը: Բայց ուրիշ բան չգտավ եւ վարձակալեց այն, որ փողոցում չմնար…
Սեդան վերջիններից մեկն էր, որ թողեց Շուշին: Երբ արդեն անտանելի էին դարձել ռմբակոծությունները, նրան եւ իր նման շատերին կարգադրեցին վերցնել ամենաանհրաժեշտ իրերը եւ իջնել Ստեփանակերտ, իսկ այնտեղից էլ տարան Երեւան… Նա կորցրել է այլեւս ժամանակի զգացողությունը, լավ չի հիշում թե Ստեփանակերտում ինչքան մնացին, թե՞ անմիջապես տարան Երեւան: Այդ մղձավանջի մեջ միայն հիշում է, որ շատ ցուրտ էր եւ իր վերցրած մի քանի տաք շորերը չէին տաքացնում իր տարիների հետ զգայուն դարձած ծնկները: Հիշում է, որ ամբողջ ճանապարհին դողում էր ցրտից եւ ծնկների մռմռացող ցավից: Իսկ հիմա այդ մռմռացող ցավը զգում է կրծքի տակ, վախենում է խորը շնչել, որ հանկարծ սիրտը չպայթի անտանելի կսկիծից:
Ստեփանակերտ վերադառնալուց հետո, անմիջապես ներկայացավ Հանգանակ: Աղջիկները անչափ ուրախ էին Սեդային տեսնելով: Սկսեցին հարց ու փորձ անել, իմանալ ինչպես է տեղավորվել, ինչի կարիք ունի, իսկ Սեդան պատմելու հետ չդիմացավ եւ արցունքների միջից էլ չկարողացավ շարունակել… Ահա այդպես է, վերջերս նկատել է, որ հաճախ արցունքները իրենք-իրենք են սկսում վազել, ամենափոքր առիթից, բառից, հարազատ տունը հիշեցնող հոտերից… իսկ երբ քայլելով դեպի փողոցի վերջը գնում է բարի լույս մաղթելու Շուշիին, սիրտը կարծես կարծրանում է, արցյունքները ցամաքում են եւ ինքը դառնում է կարծես իրականությունից վերացած, համակ կարոտ եւ անսասան հավատ:
Նա սկսեց հաճախակի այցելել Հանգանակ, այստեղ նա հանգստանում է, չի զգում իրեն այլեւս միայնակ եւ լքված: Նկատեց, որ իր նման այլ շուշեցիներ էլ են գալիս աղջիկների հետ զրուցելու: Հանգանակը նրա համար դարձավ փրկարար օղակ:
Աղջիկները տենելով Սեդայի հոգեկան վիճակը, նրա մասին պատմեցին ՀԿԲՄ գործընկերներին, նրանք էլ ցանկություն հայտնեցին Սեդայի հետ զրուցելու: Սեդան ներկայացավ առցանց հանդիպմանը: Նա հաճելի զարմացած էր իր անձի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից: Խոսում էր հաճույքով, պատմում իր հիվանդությունների մասին: Նա երախտագիտություն հայտնեց Հանգանակի աղջիկներն՝ հոգատարության համար: Պատմեց իր կենցաղային պայմանների մասին: Պատմեց, որ ներկայումս բնակվում է Ստեփանակերտում՝ մի նկուղային սենյակում, որը շատ խոնավ է եւ բնակվելու համար ոչ պիտանի: Պատմեց, որ հաճախակի է այցելում Հանգանակի գրասենյակ, որտեղ հանդիպում է այլ շուշեցիների, որոնք իր նման կորցրել են իրենց տունուտեղը…
Այնուհետեւ մի պահ լռեց եւ այլեւս չխոսեց իր ներկա խնդիրների մասին, սկսեց խոսել Շուշիի մասին, որտեղ ծնվել, մեծացել էր եւ որտեղ գտնվում են իր հարազատների շիրիմները… Շատ կարոտում եմ, ասաց, ես այնտեղ երջանիկ էի… Հիշեց Ղազանչեցոց եկեղեցին եւ Կանաչ ժամը, հիշեց Իսահակի աղբյուրն ու Ջդրդուզը, իրենց բակը, որտեղ հարեւաններով ամառային երեկոններին հավաքվում էին երկար ու քաղցր զրույցների… Նա լռեց եւ ընկղմվեց իր հիշողութունների մեջ…
Սեդան տուն վերադարձավ ուշ երեկոյան: Հանդիպումից հետո նա դեռ երկար քայլում էր փողոցներով՝ տարված իր քաղցր հուշերով: Նա չէր շտապում տուն վերադառնալ, որը իրեն կվերադարձներ դառը իրականություն: Վերադարձավ եւ անմիջապես պառկեց քնելու: Նա արդեն իր համար որոշել էր, որ ամեն օր կգնա բարի լույս մաղթելու իր Շուշիին, աղոթելու նրա համար, ձմեռ թե ամառ, ցրտին ու շոգին, օր օրի, ամեն օր, եւ չի մեռնի, կապրի այնքան, մինչեւ Շուշին նորից կդառնա իրենը եւ ինքը կգնա իր ձեռքով մոմ վառելու իր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում…