Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին:
Էլմիրան ծնվել է 1939թ. հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում։ Հայրը 1941 թվականին զորակոչվել է Սովետական բանակ՝ մասնակեցլու 1941-1945թ.թ. Հայրենական Մեծ պատերազմին ու այլեւս չի վերադարձել։ Նա ասում է, որ հորը չի էլ հիշում, մայրը՝ կոլտնտեսության պահեստապետն էր։ Ընտանիքում մեծանում էին 3 աղջիկ։ Էլմիրան երկրորդ երեխան էր։
Գյուղում 8-ամյա կրթություն ստանալուց հետո էլմիրան տեղափոխվում է Ստեփանակերտ, ուսումը շարունակում գիշերօթիկ դպրոցում։ Ուսմանը զուգահեռ աշխատանքի է անցնում Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատում՝ ինչ-որ չափով թեթեւացնելու մոր հոգսերը։ Ղարմետաքսկոմբինատում նա աշխատել է մինչեւ 1983թվականը։
1956 թվականին Էլմիրան ամուսնանում է, սակայն մի քանի տարի անց բաժանվում է երեխաներ չունենալու պատճառով։ 1970 թվականին Էլմիրան երկրորդ անգամ է ամուսնանում։ Սակայն էլի համատեղ երեխաներ չեն ունենում, բայց ամուսինը առաջին ամուսնությունից ունենում է 3 տղա։ Տղաներից երկուսը բնակվում էին ՌԴ-ում, մեկը՝ Ստեփանակերտում, որը զոհվում է արցախյան պատերազմում։
Ամուսինը մահանում է 1999 թվականին։ Այժմ Էլմիրան բնակվում է ամուսնու ստացած երկու սենյականոց բնակարանում։ Ձմռան ամիսներին ջեռուցում է միայն մեկ սենյակը։
Էլմիրան Հանգանակի շահառու է 2008 թվականից: Հանգանակի մասին տեղեկացվել է ծանոթներից: Նա Հանգանակի ակտիվ շահառուներից էր, մասնակցում էր Հանգանակում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Բայց արդեն երկու տարի է, ինչ առողջական վիճակից ելնելով չի կարողանում ներկայանալ Հանգանակ։
Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ունի գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, թունավոր էնդեմիկ խպիպ, որի պատճառով դեռ երիտասարդ տարիքում մի քանի անգամ վիրահատվել է։ Նրա բուժքույր Էլզա Սիմոնյանն է, ով ամեն շաբաթ այցելում է նրան՝ տրամադրում Հանգանակից հասանելիք դեղերը՝ Բետասերկ 24մգ N20, Կոնկոր 5մգ N25, Էուտիրոկս 25մգ N20, Կավինտոն ֆորտե N60։
Նա ընդգրկված է նաեւ Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության տնային սպասարկման ծառայության ցուցակում, որի սոցաշխատակիցները եւս այցելում են նրան ու կատարում ցանկացած աշխատանք։ Հենց նրանք էլ Հանգանակից հասանելիք ամենամսյա պարենամթերքը հասցնում են նրան։ Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս,- ասում է նա։
Նրա թոշակը կազմում է 44000 դրամ։ Իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի բաժանմունքից նա ամեն ամիս ստանում է եւս 6000 դրամ նպաստ։
Ձմռանը բնակարանը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։
Նա իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերարներին, Հանգանակի տնօրինությանը եւ ողջ անձնակազմին, որոնց շնորհիվ զգալիորեն թեթեւանում են իրենց հոգսերը: