Թող նվիրատուի ձեռքը սակավ չլինի. Հանգանակում բաժանվեց ԱՄՆ-ից ստացված օգնությունը

Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը «Հանգանակ» ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 6-ին հանդիպել է Շուշիի, Հադրութի եւ Մարտունու շրջաններից տարհանված միայնակ տարեցների հետ:

Պատերազմից հետո այդ շրջաններից տեղահանված շուրջ 35 միայնակ տարեցներ համալրել են կազմակերպության շահառուների շարքը: Նրանք գտնվում են հատուկ ուշադրության ներքո: Այդ օրը մոտ 20 տարեցներ եկել էին իրենց ցավը կիսելու ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

Հանդիպումը ընթացավ հարցուպատասխանի ձեւաչափով: Մարդիկ խոսեցին իրենց կարիքներից: Շուշիից տեղահանված Գոհարիկ Ա.-ն դժգոհում է իշխանություններից, պահանջում է տանիք, որից զրկված է առ այսօր, գիշերում է բարեկամների տներում:

Էլմիրա Թ.-ն ուսուցչուհի է ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձով, հուզվում է, պատմում է, թե ինչ դժվարությամբ են տուն կառուցել: 1950 թվականից Շուշիի բնակչուհի է: Բողոքում է, որ բնակարանի վարձ իրեն չեն տրամադրում, պատճառաբանելով, որ գրանցված է քրոջ տանը, թեկուզ նա բնակվում է եղբոր տանը:

Լարիսա Հ.-ն Թաղավարդից է, ասում է, որ իր տունը գտնվում է ազերիների վերահսկողության տակ եւ չի կարողացել որեւէ բան փրկել: Դժգոհում է, որ իրեն միայն 250000 դրամ են փոխհատուցել:

Աիդա Մ.-ը բնակվում է վարձով, բայց տանտիրուհին խնդրել է բնակարանը ազատել, քանի որ ինքն է պատրաստվում այդտեղ բնակվել: Բայց Աիդային ավելի հուզում է Շուշիի ճակատագիրը, ասում է, որ ուզում է այցելել իր որդու գերեզմանը, խնդրում է ՄԻՊ-ին դիմել գեներալ Մուրադովին, որ կազմակերպի իր նման շատ շուշեցիների համար այց հարազատների գերեզմաններին:

Մարդիկ խոսեցին ջեռուցման մասին, ՄԻՊ նշեց, որ հնարավոր է պետության կողմից վառելափայտի տրամադրում: Այս եւ նման շատ հարցեր ուղղեցին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին, նաեւ անսահման երախտագիտություն հայտնեցին «Հանգանակ» ՀԿ բոլոր աշխատակիցներին՝ իրենց նեղ օրվան օգնության հասնելու եւ բազմաթիվ հարցեր լուծելու համար:

«Հանգանակ» ՀԿ հյուրասիրություն էր կազմակերպել շահառուների համար: Նաեւ անակնկալ էր նրանց սպասում՝ Միացյալ նահանգներից Սոնա Սուլաքյանը նվիրատվություն էր կազմակերպել տեղահանված տարեցների համար՝ տաք ծածկոցներ:

Ինչպես պատմեց կազմակերպության ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, պատերազմից անմիջապես հետո իր զարմուհին զանգահարեց ԱՄՆ -ից և ասաց, որ ինչպես մեր շատ հայրենակիցներ, նա նույնպես ցանկանում է ինչ -որ բանով օգնել, իսկ իր խնդրանքով՝ այն ընկերությանը, որտեղ նա աշխատում է, որոշեց վերմակներ ուղարկել տարհանվածներին:

«Դե իհարկե ձմռան բերանին տաք ծածկոցները շատ պետքական կլինեին: Եվ նա շատ արագ կազմակերպեց ծածկոցների փոխադրումը,_ պատմում է Գոհար Հովհաննիսյանը, եւ ափսոսանքով նշում, որ երկար տեւեց բեռների ժամանումը,_ Արդեն հուլիս ամիսն էր, երբ մեզ զանգեցին եւ ասացին, որ Նահանգներից մեզ համար բեռ են ուղարկել: էլի շաբաթներ տեւեց, մինեւ մեր մեքենան կարողացավ Երեւանից բեռը հասցնել Ստեփանակերտ: Եվ միայն ստանալով բեռը մենք տեսանք, թե ով է նվիրատվության հեղինակը: Westlaw Edge ընկերության լոգոտիպը մենք գտանք ծածկոցների փաթեթավորման վրա: Հետո իմացանք, որ դա համաշխարհային ճանաչում ստացած իրավաբանական ընկերություն է, որը Սոնայի միջնորդությամբ դարձել է մեր ցավի կարեկիցը: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեզ սատարող բոլոր մարդկանց եւ ընկերություններին: Սակայն ուզում ենք կարեւորել նաեւ այն հսկայական աշխատանքը, որ մեր հարենակիցները կատարում են իրազեկելու օտարներին մեր ցավի եւ հումանիտար աղետի առջեւ կանգնած հազարավոր մարդկանց մասին: Իսկ ես Հանգանակի ողջ անձնակազմի եւ մեր շահառուների անունից հատուկ երախտագիտություն եմ հայտնում Սոնա Սուլաքյանին՝ օգնության եւ մասնակցության համար»:

Մարդիկ մոտենում էին ստանալու իրենց ծածկոցները եւ երախտագիտության խոսքեր ասում իրենց այս օրհասական պահին մենակ չթողելու համար:

Հադրութից տեղահանված Լեւոն Գ.-ը ստանալով ծածկոցը, առանձին մոտեցավ եւ խնդրեց ջեռուցիչ եւ հեռուստացույց, քանի որ ժամանակավորապես բնակվում է Էլդորադո հյուրանոցային համալիրի մի փոքկ սենյակում եւ չունի կենցաղային տարրական պայմաններ: Նրան տրվեց ԿԽՄԿ-ի կողմից «Հանգանակ» ՀԿ-ին տրամադրած ջեռուցիչներից մեկը եւ տաք վերմակ եւ անկողնային պարագաներ: Հեռուստացույց խոստացավ «Հանգանակ» ՀԿ տնօրենը՝ մոտ օրերին հասցնել հյուրանոց:

Շատ ջերմ հանդիպում ստացվեց: ՄԻՊ խոստացավ կազմակերպել պարբերական հանդիպումներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպման ժամանակ տրված կլինեն առաջադրված բազմաթիվ հարցերի պատասխաններ: