Ժենյա Ս.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:

Ծնվել է 1924 թվականի հունիսի 1-ին Հադրութի շրջանի Տող գյուղում՝ մտավորականի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին չորս երեխա՝ 1 տղա եւ 3 աղջիկ։ Միջնակարգն ավարտելուց հետո 15 տարի աշխատում է գյուղի կոլտնտեսությունում, իսկ 1957 թվականին տեղափոխվում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքը՝ քրոջ մոտ, որտեղ մինչեւ 1988 թվականը աշխատում է կար ու ձեւի արտադրամասում որպես դերձակ։

1988 թվականի փետրվարի 27-28-ի սումգայիթյան ջարդերից հազիվ փրկվելով հասնում է Ստեփանակերտ։ Ստեփանակերտում նրան տեղավորում են ԱրՊՀ-ին պատկանող ուսանողական հանրակացարանում։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 1992 թվականի օգոստոսին, երբ տարբեր տեսակի զենքերից ռմբակոծվում էր Ստեփանակերտը, հերթական ավիառումբը ընկնում է այդ հանրակացարանի վրա, որտեղ լինում են բազմաթիվ զոհեր, այդ թվում երեխաներ, իսկ Ժենյան ոտքից վիրավորվում է, որի ցավերից տառապում է մինչ օրս։

Ժենյան այժմ ապրում է մեկ սենյականոց բնակարանում, որը 1998 թվականին նրան է տրամադրվել Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից՝ որպես փախստական։ Բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ։

Նրա կենսաթոշակը կազմում է 58000 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ, իսկ 14600 ՀՀ դրամը ստանում է ԿԽՄԿ-ից։

Ժենյան Հանգանակի շահառու է 2004 թվականից, Տարեցների ծրագրի առաջին շահառուներից մեկն է: Նրա տվյալները Հանգանակին է տրամադրել Աշխատանքի եւ սոցապահովության նախարարությունը։ Պոլիկլինիկայից գրեթե չի օգտվում, անհրաժեշտության դեպքում դիմում է Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանին։ Սակայն 2019 թվականի դեկտեմբերին տարել է հիպերտոնիկ կրիզ՝ բուժում ստանալով ՀԲԿ-ում։ Ժենյան ունի ստամոքսի խոց եւ հիպերտոնիկ հիվանդություն։ Հանգանակից ստանում է Կապտոպրիլ 50մգ N20, Օմեզ 40մգ N30։ Նա շատ գոհ է Հանգանակի իր բուժքույր Ռեբեկա Հակոբյանից, որը նրան է հասցնում նշանակված դեղերը, չափում ճնշումը եւ զրուցում հետը։ Հատկապես գոհ ու շնրհակալ է սոցաշխատող Էսմիրա Գասպարյանից, որը հաճախակի այցելում է իրեն, կոմունալ վճարումներ ու գնումներ անում, կատարում տնային ցանկացած աշխատանք՝ մաքրություն, ճաշ պատրաստել, լվացք եւ այլն։

Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։

Արցախյան երրորդ պատերազմի օրերին Ժենյան ծանոթների հետ սկզբից տեղափոխվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղ՝ մտածելով, որ պատերազմը կտեւի մի քանի օր ու շուտով հետ կվերադառնա տուն։ Սակայն պատերազմը գնալով օր-օրի ավելի է թեժանում ու տարածվում Արցախի ամբողջ տարածքով մեկ։ Ժենյան ստիրպված տեղափոխվում է Երեւան՝ եղբոր աղջկա ընտանիքի վարձակալած բնակարանը: Նրանք հենց այդ օրերին Հադրութի շրջանում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը՝ ստիպված տեղափոխվում են Երեւան։ Նա պատմում է, որ իր կյանքում դա արդեն երկրորդ անգամ է, որ դարձել է փախստական՝ առաջին անգամ Սումգայիթում, իսկ հիմա էլ Ստեփանակերտում թողնելով տուն-տեղ տեղափոխվել է Երեւան ու չի էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ իր հետ, եթե չկարողանար հետ վերադառնալ տուն։ Հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո օրեր էր հաշվում, թե երբ կկարողանա վերադառնալ Ստեփանակերտ: Դեկտեմբերի սկզբին, երբ քաղաքում որոշ չափով արդեն կարգավորված էր էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը նա վերադառնում է իր օջախը։

Ժենյան իր խորին շնորհակալություն է հայտնում Հանգանակի ողջ անձնակազմին, ինչպես նաեւ բարերարներին, որ այս դժվար օրերին շարունակել ու շարունակում են իրենց բարեգործությունը: Դրա կարիքը այսօր ավելի շատ է զգացվում։

Նա շատ երախտապարտ է պատերազմի օրերին Հանգանակից ստացած 34000 ՀՀ դրամի համար, որը օգտագործել է բնակարանի վարձը վճարելու համար՝ Երեւանում գտնվելու ամիսներին։