Լիդա Ս.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին:

Լիդան ծնվել է 1939 թվականին Ստեփանակերտում` բանվորի ընտանիքում: Հայրը 1941 թվականին զորակոչվել է II Համաշխարհային պատերազմ եւ այլեւս չի վերադարձել, համարվում է անհայտ կորած: Մայրը հավաքարար էր դպրոցում: Ընտանիքում մեծանում էին 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Լիդան ընտանիքի ամենափոքրն էր, նա ի ծնե II կարգի հաշմանդամ է, ունի աջ ոտքի թերաճ, որի պատճառով էլ մինչեւ հիմա քայլում է հենակներով: Սկզբնական կրթությունը ստացել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում եւ 1956 թվականին այն ավարտել: Երկու տարի զբաղվել է տնային գործերով: Իսկ 1959 թվականից աշխատել է կարի ֆաբրիկայում մինչեւ 2000 թվականը:

1972 թվականին Լիդան ամուսնանում է եւ նույն թվականին էլ ծնվում է նրա երեխան, բայց ամուսնական կյանքը երկար չի տեւում։ Որոշ ժամանակ անց նա բաժանվում է եւ իր որդու հետ ապրում վարձակալած բնակարանում՝ հայրական տան հարեւանությամբ: 1980 թվականին աշխատավայրից նրան տրամադրում են մեկ սենյականոց բնակարան, որտեղ եւ բնակվում է մինչեւ հիմա:

Հանգանակի մասին իմացել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կից տնային սպասարկում իրականացնող կենտրոնից 2014 թվականին, անմիջապես ներկայացրել է իր փաստաթղթերը եւ որոշ ժամանակ անց անդամագրվել: Շահառու դառնալուց հետո, նրա կյանքը ավելի ապահով է դարձել: Մթերքը բավարարում է մեկ ամիս: Բուժքույրը Դոնարա Մնացականյանն է, որը միաժամանակ իր հարեւանն է, անչափ գոհ է նրանից, ժամանակին հասցնում է դեղերը, հաճախ այցելում է նաեւ ուշ ժամերին, չափում ճնշումը, զրուցում առօրյայից: Հանգանակի միջոցառումներին չի մասնակցում առողջական վիճակի պատճառով, նա քայլում է դժվարությամբ:

Իր առողջական վիճակը համարում է վատ, տառապում է հիպերտոնիայով, ունի արտրոզ, արտրիտ, 2014 թվականին ՀԲԿ-ում կատարել են աչքի վիրահատություն` կատառակտի պատճառով: Դեղերի մեծ մասը՝ Էնապ-H N20, Նուրոֆեն 400 մգ N12, Կարդիոմագնիլ 75 մգ N30, ստանում է Հանգանակից, մյուս մասը՝ գնում է դեղատնից: Պոլիկլինիկայից չի օգտվում, բայց թաղամասային բժիշկը ժամանակ առ ժամանակ այցելում է նրան:

Թոշակը կազմում է 57.000 ՀՀ դրամ, որը չի բավարարում: Բնակարանը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որի դիմաց վճարում է իր թոշակից եւ Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից:

Շատ շնորհակալ է բարերարներից, Հանգանակի ողջ անձնակազմից, առանձնահատուկ նշում է բուժքույր Դոնարայի հոգատար վերաբերմունքը: Ցանկանում է բոլորին լինել առողջ, երջանիկ, բարգավաճեն եւ միշտ կարողանան օգնության հասնել իր պես միայնակ մարդկանց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով