Լուսիկ Ի.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին:

Լուսիկը ծնվել է Շոշ գյուղում՝ Մովսես Իշխանյանի բազմանդամ ընտանիքում: Շատ համերաշխ եւ աշխատասեր ընտանիք էր Մովսեսի ընտանիքը: Երեք քույր էին եւ երկու եղբայր: Հայրը շատ երջանիկ էր իր երեխաներով եւ անմնացորդ աշխատում էր երեխաներին լավագույն կրթություն տալու համար: Բոլորն էլ լավ էին սովորում: Միջնակարգն ավարտելուց հետո Լուսիկն ընդունվում է Երևանի Տեքստիլ տեխնիկումը և ավարտում կարմիր դիպլոմով: Ուսանողական տարիներին Լուսիկը սիրահարվում է Աբելին` իր ապագա ամուսնուն: Նա կարոտով է հիշում նրան.

— Մեր սերն ուրիշ էր` անկաշառ, մաքուր, անարատ… 18 տարեկանում ամուսնացանք,- երազկոտ ասում է նա:

Մի քանի տարի համատեղ կյանքից հետո հասկացան, որ իրենք չեն կարող երեխա ունենալ:  Ավելի ուշ նրանք որդեգրում են մի փոքրիկ տղայի՝ Աշոտին: Լուսիկը հիշում է.

— Մեր կյանքը նոր իմաստ ստացավ, մեր տունը դարձավ ուրախությունների օջախ, ամեն առիթ օգտագործում էինք տոնական սեղաններ բացելու համար՝ ծնունդներ, Նոր Տարիներ, առաջին դպրոցական զանգ, դպրոցն ավարտելու, համալսարան ընդունվելու եւ ավարտելու առիթներով տոնախմբություններ… Նա՝ Աշոտը, շատ էր սիրում մեզ , իսկ մենք երջանիկ էինք նրանով…

Աշոտը իր բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանում՝ Ռոստովում: Համալսարանն ավարտելուց հետո նա վերադառնում է Արցախ: Հետո հանդիպում է մի աղջկա եւ ամուսնանում: Լուսիկը ուրախությամբ նշում է, որ Աբելը հասցրել է տեսնել իր թոռներին:

Լուսիկի քույրերը՝ Սեդան եւ Մանյան շատ սիրով քույրեր էին, համերաշխ, բարի, փոխզիջող… Մեծը Մանյան էր: Չնայած, որ Ստեփանակերտում նա ուներ մեկ սենյականոց բնակարան, բայց ապրում էր  հայրական գյուղում՝ այնտեղ զբաղվելով հողագործությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ՝ չնայած ստացած կրթությանը: Նա շատ աշխատասեր էր։ Մանյան այդպես էլ չի ամուսնանում, իսկ հետո հիվանդանում է, ստանում է ոսկրային հիվանդություն եւ կյանքի վերջին տարիներին գամված էր անկողնուն: Արցախյան պատերազմից հետո տեղափոխվում է Ստեփանակերտ եւ բնակվում  հենց այդ մեկ սենյականոց բնակարանում: Նա Հանգանակի առաջին շահառուներից էր:

Սեդան կրտսեր քույրն էր: Նա նույնպես ուներ բարձրագույն կրթություն: Կյանքի մեծ մասը ապրել է հայրական գյուղում: Դեռ բավական երիտասարդ էր, երբ հարեւանները տեղեկացնում են ավագ քույրերին, որ Սեդան տնից դուրս է գալիս եւ մոռանում է տան տեղը, չի կարողանում տուն վերադառնալ: Սեդային ախտորոշում են Ալցհեյմերի հիվանդություն: Թեկուզ Մանյան նույնպես հիվանդ էր, բայց Սեդային հրավիրում է իր հետ ապրելու: Այսպիսով՝ Սեդան եւս տեղափոխվում է Ստեփանակերտ: Հանգանակը իր հյուրընկալ դռներն է բացում նաեւ Սեդայի առջեւ: Կարճ ժամանակ անց Սեդան նույնպես դառնում է Հանգանակի շահառու:

Աբելի մահից հետո, տեսնելով քույրերի անմխիթար վիճակը, եւ այլեւս չդիմանալով Աշոտի եւ նրա կնոջ անվերջանալի վեճերին, Լուսիկը իր չորս սենյականոց բնակարանը թողնում է Աշոտի ընտանիքին եւ տեղափոխվում քույրերի մոտ: Մինչեւ վերջ նա հոգ էր տանում քույրերին:

Հինգ տարի առաջ Հանգանակի աշխատակիցները այցելում են քույրերին, ուսումնասիրում նրանց խնդիրները, գրասենյակում քննարկում այդ դեպքը եւ միաձայն որոշում Լուսիկին նույնպես ընդգրկել շահառուների ցուցակում: Բացի նրանից, որ երեք քույրերն էլ գտնվում էին ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, Լուսիկը միայնակ իր վրա էր վերցրել իր հիվանդ քույրերի համապարփակ խնամքը: Հետո կորցնում է նախ ավագ քրոջը՝ Մանյային, իսկ մեկ ամիս անց նաեւ կրտսեր քրոջը՝ Սեդային… Եվ Լուսիկը մնում է մենակ… Իսկ Աշո̉տը…

Իսկ Աշոտը այլեւս մոռացել է Լուսիկի գոյության մասին, նա չի այցելում, չի զանգում… Լուսիկը կսկծանքով պատմում է, թե ինչքան էր երազում, որ Աշոտը ամռան տոթին մի ձմերուկ վերցներ ու գար իրեն տեսակցության, դա չէ որ դժվար բան չի… Վերջին անգամ Աշոտին տեսել է երկու տարի առաջ: Քույրերը արդեն չկային:

— Այդ օրը շատ վատացա, — պատմում է Լուսիկը,- մի կերպ վերցրի հեռախոսը, դողդողացող մատներով հավաքեցի Աշոտիս համարը և կանչեցի նրան մոտս: Եկավ, չափեց ճնշումս, դեղ տվեց, մի քիչ նստեց: Ես չդիմացա, այնքան վատ էի ինձ զգում, որ թվում էր, թե վերջին անգամ եմ տեսնում որդուս, հանեցի ոսկե վզնոցս ու խաչս, որ իմ մնացած միակ արժեքավոր զարդերն էին` տվեցի նրան…էն գնալն էր՝  որ գնաց…

Թոշակը իհարկե չի բավարարում (43000 ՀՀ դրամ), բայց նրան օգնում են եղբոր որդիները, որոնք ապրում են ՌԴ-ում և գիտնականներ են: Լուսիկը շատ է հպարտանում իր եղբոր տաղանդավոր որդիներով: Իր կյանքի լավագույն օրերից մեկը համարում է այն, երբ եղբոր որդին 20 տարեկանում ճանաչվեց Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆիզիկոս:

— Հանգանակը իմ կյանքը լրիվ փոխել է, ամենամսյա պարենամթերքը, դեղորայքը, ջեռուցման փոխհատուցումը շատ են թեթեւացնում իմ կյանքը, էլ չեմ ասում միջոցառումների մասին: Այն ինչ պետք է անի Աշոտը` անում է Հանգանակը: Ուրիշ ոչ մի տեղից օգնություն չունեմ: Խորին շնորհակալություն եմ հայտնում Գոհարին և Հանգանակի ողջ անձնակազմին, որոնց շնորհիվ իմ  նմանների կյանքը նոր իմաստ է ստանում,- ասում է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով