«Հայաստանի շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպությունը Հանգանակում

«Հայաստանի շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպությունը հիմնադրվել է 44-օրյա պատերազմից հետո եւ իր գործունեությունը սկսել է Արցախից եւ հիմնականում Արցախի բնակչության համար: Կազմակերպության մասին  Հանգանակը տեղեկացվեց Հայ կանանց բարեկեցության միության անդամ եւ Տարեցների ծրագրի կլինիկական դասընթացների պատասխանատու Նենսի Բարսամյանից: Անձամբ ծանոթանալով կազմակերպության հիմնադիր-տնօրեն Արմինե Բարխուդարյանի հետ Վենետիկում՝ Ավրորա հիմնադրամի մրցանակաբաշխությանը, Նենսի Բարսամյանը անմիջապես մտածեց Հանգանակի հետ համագործակցության մասին: Եվ առիթը երկար սպասել չտվեց: Երբ Հանգանակի շահառուներից մեկը ուներ արյան փոխպատվաստման կարիք, իսկ համապատասխան արյուն Արցախում չկար, Նենսին դիմեց Արմինեին օգնության համար: Ընդամենը ժամերի հարց էր, եւ արյունը արդեն Արցախում էր: Կարելի է վստահաբար ասել, որ շահառուի կյանքը փրկվեց: Այսպես նշանավորվեց երկու կազմակերպությունների բարեկամությունը:

Բարեկամությունը՝ բարեկամություն չէ, եթե չունենա շարունակություն: Հիմա եկավ պահը անձամբ ծանոթանալու Հանգանակի համար հերոսներ դարձած թիմի հետ: Նենսին տեղեկացրեց, որ թիմը պատրաստվում է այցելել հերթական անգամ Արցախ՝ իրենց առաքելությունը կատարելու Շուշիի շրջանի չորս գյուղերում: Այսպես առաջացավ Հանգանակի շահառուներին հետազոտելու եւ բժշկական խորհրդատվություն իրականացնելու գաղափարը: Բժիշկները որոշեցին երկարաձգել իրենց այցը եւ մեկ օր նվիրել Հանգանակի շահառուներին:

Նոյեմբերի 19-ին առավոտից Հանգանակի շահառուները՝ իրենց սպասարկող բուժքույրերի հետ արդեն հավաքվել էին գրասենյակում: Արմինե Բարխուդարյանը նախօրոք տեղեկացել էր, որ շահառուներից շատերը ունեն ակնաբույժի խորհրդատվության կարիք, ուստի բացի սրտաբանից, մանկաբարձ-գինեկոլոգից եւ սոնոգրաֆիստից, հրավիրել էր նաեւ ակնաբույժի: Հանգանակի աշխատակիցները անհանգիստ էին, թե արդյոք գրասենյակը կապահովի հետազոտությունների համար համապատասխան պայմաններ, եւ ինչքան եղավ նրանց ուրախությունը, որ մասնագետները, լինելով պատրաստ աշխատելու ցանկացած դաշտային պայմաններում, հրաշալի հարմարեցրին գրասենյակը հետազոտությունների համար: Թիմը ներկայանալով գրասենյակ, անմիջապես կցվեց աշխատանքի: Այն հագեցված էր ժամանակակից մոբիլ սարքավորումներով: Լինելով իրենք շատ կազմակերպված, Հանգանակի անձնակազմը զարմացած էր  «Հայաստանի շրջիկ բժիշկների» թիմի կազմակերպված աշխատանքից:

Հրավիրվել էին 15 շահառու սոնոգրաֆիկ հետազոտության եւ 20 շահառու ակնաբույժի խորհրդատվության: Հասկանալով, որ բարձր որակավորում ստացած բժիկներ են հրավիրված, ակնաբույժի մոտ գրանցված շահառուները որոշեցին օգտվել հնարավորությունից եւ հետազոտվել նաեւ սոնոգրաֆիստի մոտ եւ հակառակը: Օրվա վերջում հայտնի դարձավ, որ ակնաբույժը սպասարկել է 29 տարեցի, իսկ սոնոգրաֆիստը՝ 28: Պետք է նշել, որ կատարվել է վահանձեւ գեղձի, որովայնի եւ փոքր կոնքի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն: Կատարվել են նաեւ էլեկտրասրտագրություն, ներակնային ճնշման որոշում, տեսողության որոշում, ակնահատակի հետազոտություն եւ այլն: Բոլոր հիվանդները ներկայացել էին իրենց ամբուլատոր քարտերով: Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանի հետ քննակվել է յուրաքանչյուր դեպք եւ անհրաժեշտության դեպքում  հիվանդի վարման պլանը վերանայվել է:

Օրվա վերջում հրաժեշտ տալով հյուրերին, Հանգանակի աշխատակիցները հույս հայտնեցին, որ ամեն անգամ Արցախ գալով, «Հայաստանի շրջիկ բժիշկների» թիմը չի մոռանա Հանգանակի շահառուներին:

Սա այն դեպքն է, երբ ճիշտ մարդիկ հանդիպում են ճիշտ վայրում եւ ճիշտ ժամանակին: Շնորհակալություն Արմինե Բարխուդարյանին, Արմեն Մկրտչյանին եւ Հովհաննես Գրիգորյանին բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հոգատար վերաբերմունքի համար: Մինչ նոր հանդիպում:

86_2
86_8
86_4
86_7
86_5
86_6
86_10
86_11
86_2 86_8 86_4 86_7 86_5 86_6 86_10 86_11

Դիտեք նաև Artsakhtv news / ՕՐ Լրատվականտեսանյութը՝ «Հայաստանի շրջիկ բժիշկներ»-ի այցելելությունը Հանգանակ