Փետրվարի 13-ին տեղի է ունեցել Հանգանակի 2024 թվականի առաջին ամփոփիչ ժողովը: Շատ ակտիվ սկսելով իր աշխատանքները, Հանգանակը կարճ ժամանակում իրականացրել է կարիքների արագ գնահատում եւ մեկ-երկու շաբաթվա ընթացքում իր 177 շահառուներին ապահովել անհրաժեշտ դեղանյութերով եւ պարենամթերքով: Այն շահառուները, որոնք ողբերգական իրադարձությունների հետեւանքով հայտվել են Հայաստանի հանրապետության հեռավոր մարզերում, թվով 63 շահառու, ստացել են դրամական փոխհատուցում: Այսպիսով, Հանգանակի ծառայություններից օգտվում են շուրջ 240 տարեց:
Բուժաշխատողները ներկայացրին իրենց կողմից սպասարկվող ուշադրության արժանի շահառուներին: Նրանք հիմնականում տառապում են հիպերտոնիկ հիվանդությամբ: Երեւան քաղաքում այդպիսի հիվանդները 9-ն են, որոնց պետք է այցելել մոտակա օրերի ընթացքում, իսկ մարզերում կան եւս 6 ուշադրության արժանի հիվանդներ, որոնց այցելությունը կկազմակերպվի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ պարենամթերքի առաքման հետ միաժամանակ: Մարզային այցերը կկազմակերպվեն թիմով, որտեղ ընդգրկված կլինեն բժիշկ, հոգեբան եւ Հանգանակի պատասխանատուները:
Առանձնահատուկ քննարկվեց արագ գերիատրիկ գնահատման գործիքը /Rapid Geriatric Assessment/, որը առաջարկվել է Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանի կողմից: Այն իրենից ներկայացնում է հարցաթերթիկ, որի օգնությամբ կարելի է գնահատել տարեցների առողջական ռիսկերը: Այսպիսով, այդ հարցաթերթիկը կդառնա բուժանձնակազմի կողմից օգտագործվող ստանդարտ հետազոտությունների հետ միասին /ԶՃ, պուլս, սատուրացիա, գլուկոզայի մակարդակ եւ ՄԶԻ/, շահառուների առողջական վիճակի գնահատման բաղկացուցիչ մաս: Գնահատելով շահառուների առողջական ռիսկերը, բժշկական ծառայությունները կդառնան ավելի նպատակային եւ արդյունավետ:
Բուժաշխատողները Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանին հանձնեցին հունվար ամսվա կատարած իրենց աշխատանքների հաշվետվությունները: Կատարված աշխատանքների ծավալները տպավորիչ էին: Կարճ ժամանակում Հանգանակի թիմը կարողացավ վերականգնվել եւ արտասովոր եւ բարդ իրավիճակում կատարել իր առաքելությունը Հայաստանում:
Այցելեք մեր կայք եւ ծանոթացեք մեր թարմացումներին: