Ամբողջ բնակչության հետ Արցախից Հայաստան տեղահանված «Հանգանակ»-ը ակտիվորեն սկսել է գործել անմիջապես տարհանումից հետո: Երեք տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, կազմակերպության առջեւ ծառացել էին նույն խնդիրները, այն է՝ հայտնաբերել շահառուների գտնվելու վայրը եւ ամենակարճ ժամանակահատվածում օգնության ձեռք մեկնել:
Տեղահանման հենց առաջին օրերից շահառուների մի մասը մշտական կապի մեջ է «Հանգանակ»-ի աշխատակիցների հետ: Մյուս մասին հայտնաբերելու համար կապ ենք հաստատել ծանոթների, բարեկամների հետ՝ չունենալով նրանց կոնտակտային տվյալները: Այս կերպ բացահայտել ենք շահառուների բավականին մեծ խումբ: Սակայն դեռեւս մնացել են բազմաթիվ շահառուներ, որոնց մասին որեւէ տեղեկություն չունեինք:
Հոկտեմբերի 3-ին, «Հանգանակ»-ի անձնակազմի առաջին նիստի ժամանակ, ինչպես նաեւ ՀՕՖ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, խոսվել է միայնակ տարեցների հնարավոր տեղակայումների մասին: Մասնավորապես Հանքավանում, Աղավնաձորում, Վանաձորում եւ Հայաստանի այլ շրջաններում գործող տուն-ինտերնատներում նրանց հնարավոր գտնվելու մասին:
Անցած շաբաթ այցելելով ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ներկայացրինք մեր խնդրանքը՝ ստանալու տեղահանված մեր շահառուների մասին տեղեկատվություն: Ծառայության պետի տեղակալը ասաց, որ սիրով կընդառաջի:
Սակայն մենք չէինք կարող նստել եւ սպասել, թե երբ կստանանք այդ տեղեկատվությունը, ուստի որոշեցինք անձամբ այցելել տարեցների տեղակայման հնարավոր վայրերը, տեսնել նրանց, զրուցել, տեղում հասկանալ խնդիրները եւ հնարավորինս օգնել:
Առաջին մեր այցի համար որոշեցինք ուղեւորվել Աղավնաձոր: Աղավնաձորի տուն-ինտերնատը դա Նորքի տուն-ինտերնատի մասնաճյուղն է: Մոտ մեկուկես ժամից մենք հասանք տեղ եւ ուրախացանք տեսնելով, որ բակում զբոսնում էին մեր երկու շահառուները: Հրաշալի տաք աշնանային օր էր, իսկ տուն-ինտերնատը տեղակայված է Կոտայքի մարզի մի գեղատեսիլ վայրում: Շենքի դիմաց շատ հաճելի պուրակ էր, նստարաններով, քայլուղիներով, իսկ ավելի խորքում՝ խնձորի այգի: Մենք մտանք շենք եւ աշխատակցին ներկայացրինք մեր խնդրանքը՝ գտնելու մեր շահառուներին: Պարզվեց, որ առանց վերադասի թույլտվության նրանք մեզ այդպիսի տեղեկատվություն չեն կարող ներկայացնել: Շուտով եկավ տնօրենը եւ ասաց նույն բանը՝ պետք է ունենալ գրավոր թույլտվություն Սոցապ նախարարությունից, որից հետո մեզ կտրամադրեն այդպիսի տեղեկատվություն: Սակայն մեզ ընդառաջելու համար, նա կատարեց հեռախոսազանգ եւ ասաց, որ կարող ենք ուղարկել էլեկտրոնային փոստով մեր շահառուների ցանկը, իսկ նրանք կասեն, թե ովքեր են գտնվում իրենց երկու մասնաճյուղերում՝ Նորքի եւ Աղավնաձորի տուն-ինտերնատներում:
Մենք չէինք կարող ձեռնունայն տուն վերադառնալ: Բակում զբոսնող մեր շահառուների միջոցով իմացանք Աղավնաձորում բնակվող մեր մյուս շահառուների մասին: Շատ կարճ ժամանակում մեզ միացան եւս հինգ շահառուներ: Ընդհանուր առմամբ Աղավնաձորում մենք հայտնաբերեցինք մեր 7 շահառուներին: Հարցուփորձ անելով նրանց կենսական պայմանների մասին, ստացանք դրական արձագանքներ: Նրանք հիմնականում գոհ էին կենսական պայմաններից, ուտելիքից, թեկուզ շատ ընկճված եւ տխուր էին Հայրենիքի կորստից:
Մեզ թույլ չտվեցին բարձրանալ տեսնելու բնակիչների սենյակները, ճաշարանը, զուգարանները եւ մնացած հարմարությունները, սակայն խոստացան, որ գրավոր թույլտվության դեպքում դա հնարավոր կլինի անել:
Առ այսօր մենք հայտնաբերել ենք մեր 205 շահառուների տեղակայումը, որից 5 շահառուներ տեղափոխվել են ՌԴ:
Արցախի միայնակ տարեց քաղաքացիների մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրում ենք զանգահարել «Հանգանակ»-ի պատասխանատու աշխատակիցներին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 097770900, 097201125 կամ 093248087: