«Հանգանակ» ՀԿ պատասխանատուները ամեն ամիս այցելում են Ասկերան՝ տրամադրելու պարենամթերք եւ անհրաժեշտ դեղանութերը Ասկերանի շահառուներին:
Ասկերանի շրջանի շահառուներից մի մասը գերադասում են այցելել Ստեփանակերտի գրասենյակ՝ հետազոտվելու, ստանալու պարենամթերքը եւ դեղանյութերը , ինչպես նաեւ ունենալ հաճելի ժամանց Հանգանակի անձնակազմի հետ: Իսկ մնացածի համար պարենամթերքի եւ դեղանյութերի տրամադրումը կազմակեպում է Ասկերանի շրջանի պատասխանատու, բուժաշխատող Թաթուլ Շեքյանը:
Փետրվարի 25-ին «Հանգանակ»-ի աշխատակիցները այցելեցին Ասկերան տրամադրելու պարենամթերքի եւ դեղանյութերի հետ միասին նաեւ ջեռուցման դրամական փոխհատուցումը: Հիշեցնենք, որ ջեռուցման դրամական փոխհատուցումը իրականացվում է տարվա 5 ամիսների ընթացքում ՝ նոյեմբերից-մարտ: Պարենամթերքի տրամադրումը, դեղանյութերով ապահովումը, ջեռուցման փոխատուցումը եւ ծրագրի շրջանակում ներառված մնացած ծառայությունները զգալի փոխել են մեր շահառուների կյանքը:
Ասկերանի շահառուները, գյուղապետերը եւ Թաթուլ Շեքյանը արդեն սպասում էին Ասկերանի գրասենյակի մոտ: Ասենք, որ Ասկերանի գրասենյակը մեզ է տրամադրվել անվճար՝ Թաթուլի մարտական ընկերոջ կողմից, որի համար շատ երախտապարտ ենք:
Նորագյուղի եւ Խնապատի գյուղապետերը եկել էին ստանալու իրենց միայնակ տարեցների պարենամթերքը, դեղանյութերը եւ ջեռուցման փոխհատուցումը: Որոշ գյուղապետեր նախընտրում են տրամադրվող օգնությունը ստանալ Ստեփանակերտի գրասենյակից՝ հաշվի առնելով այդ գյուղերի աշխարհագրական դիրքը:
Շահառուները օգտվելով հաճելի գարնանային արեւից՝ զրուցում էին գրասենյակի դիմացի մայթին: Մեզ տեսնելով ընդառաջ եկան եւ սկսեցին օգնել բեռնաթափելու մեքենան: Շատ ջերմ մթնոլորտ էր: Մարդիկ իրար զիջում էին եւ բարեհամբյուր օգնում ավելի տարեցներին առաջանալու եւ տեղավորվելու գրասենյակի միակ բազմոցին: Հերթով ստանալով օգնությունը, նրանք իրենց երախտագիտությունն էին հայտնում կազմակերպության աշխատակիցներին եւ առանձնահատուկ հովանավորներին, որ թեթեացնում են իրենց սոցիալական բեռը, օգնում դիմակայելու կյանքի դժվար փորձություններին:
Ասկերանի շրջանի շահառուների մեծամասնությանը արդեն տրամադրվել է օգնությունը: Թաթուլը վստահեցրեց, որ մնացած 7 շահառուների հասանելիք օգնությունը կտրամադրվի առաջիկա օրերի ընթացքում:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: