Արտակ Բեգլարյանի հետ «Հանգանակ» ՀԿ իր բարեկամությունը սկսել է այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը: 2014 թվականին կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ մենք առիթն ունեցանք հանդիպելու եւ այդ հանդիպումը դարձավ ճակատագրական՝ մենք դատապարտվեցինք իրար հետ լինելու ընդմիշտ բարեկամներ: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք նրան ամենաանհավանական խնդրանքներով՝ սկսած տրանսպորտային միջոցներ տրամադրելուց մինչեւ խորհուրդ հարցնելու, թե բնության գրկում որտեղ կարելի է կազմակերպել շահառուների ժամանցը: Հետաքրքիր բարեկամություն է՝ ջերմ եւ ընկերական, առանց ձեւականությունների ու անկեղծ: Մենք կարող ենք երկար ժամանակ իրար չհանդիպել, բայց հանդիպելուց, կարծես երեկ էինք իրար հետ վերջին անգամ խոսել:
2014 թվականից հետո Արտակ Բեգլարյանը զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, սակայն մեր բարեկամությունը դրանից ավելի է ամրապնդվել: 2019 թվականին, երբ Արտակ Բեգլարյանը ղեկավարում էր Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, կազմակերպութան 15-րդ տարեդարձի կապակցությամբ, ստացանք շնորհակալագիր՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Այս մեր վերջին հանդիպումը գործնական էր եւ շատ սպասված: Խոսքը վերաբերում էր կազմակերպության ծրագրերի ընդարձակմանը: Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ Ավրորա հիմնադրամի Արցախի ծրագրերի դրամաշնորհային մրցույթին Արտակ Բեգլարյանը ժյուրիի անդամ էր եւ նրա կարծիքը մեծապես ազդել էր որոշումների վրա, մասնավորապես ՀԿԲՄ ներկայացրած ծրագրի հաջողությանը: Դա շատ ոգեւորիչ էր, բայց միաժամանակ պարտավորեցնող: Խոսեցինք Մարտակերտում եւ Մարտունիում Տարեցների ծրագրի ներդրման մասին, որը շատ անհրաժեշտ եւ արդիական է վերջին իրադարձությունների լույսի ներքո: Խոսեցինք բժշկական կադրերի հետ կապված ծանր իրավիճակի մասին եւ առկա մասնագետներին խրախուսման անհրաժեշտության մասին:
Վերադառնալով Արցախում իրականացվող սոցիալական ծրագրերին, խոսեցինք Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության մասին: Ասոցիացիայի ղեկավար Միրա Անտոնյանը սերտ համագործակցում է ԱՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Արտակ Բեգլարյանը նկատեց, որ մենք կարող ենք համագործակցության շատ ընդհանուր եզրեր գտնել եւ անմիջապես կապվեց տիկին Անտոնյանի հետ եւ մենք փոխանակեցինք մեր կոնտակտները: Համոզմունք հայտնեցինք, որ այս համագործակցությունը եւս կտա իր արդյունքները:
Վերադառնալով կազմակերպության հետագա անելիքներին, խոսեցինք նաեւ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների մասին: Շատ ոգեւորիչ էր այն փաստը, որ «Հանգանակ» ՀԿ կարող է ունենալ պետական հովանավորություն արդեն 2023 ֆինանսական տարում: