Հանդիպում Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի գրասենյակում

ՀԿԲՄ /AWWA/ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը ցանկություն հայտնեց ծանոթանալ մի կազմակեպության հետ, որը լինելով միակը իր տեսակի մեջ Հայաստանում, կարողացել էր շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել ծառայություն, որի կարիքը զգացվում էր երկրում: Դա Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիան է: Այդ մասին նախօրեի հանդիպման ընթացքում խոսել էր նաեւ ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, խորհուրդ տալով անպայմանորեն ծանոթանալ այդ կառույցի հետ եւ ստեղծել փոխհամագործակցության կայուն հիմքեր:

Այսպիսով, Մարգարիտ Քիլաջյանը Գոհար Հովհաննիսյանի հետ հունիսի 30-ին այցելեցին Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի գրասենյակ՝ տեղում ծանոթանալու թիմի եւ իրենց կատարած աշխատանքների եւ ծրագրերի հետ: Հյուրերին դիմավորեցին Ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը եւ համակարգող Լիլիթ Մուրադյանը: Նրանք սիրով փոքրիկ շրջայց կազմակերպեցին ընդարձակ հիմնարկում եւ մանրամասն պատմեցին իրենց ծրագրերի մասին: Ընդհանուր առմամբ այն բաղկացած է երկու մասից՝ սոցիալական եւ բժշկական, որոնք ունեն տարբեր մուտքեր եւ փոխադարձաբար լրացնում են իրար: Սոցիալական մասում տեղակայված է Ցերեկային խնամքի կենտրոնը, որտեղ այցելուներին հաճելի անակնկալ էր սպասում: Տիկին Աստղիկը, որ Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներից է, չէր հասցրել հեռանալ իր խմբի շահառուների հետ եւ մենակ շարունակում էր իր պարապմունքը գրասենյակում: Նա լինելով Կենտրոնի առաջին շահառուներից մեկը՝ անձամբ պատմեց այն բոլոր պարապմունքների եւ միջոցառումների մասին, որ իրենց համար կազմակերպում է Ցերեկային խնամքի կենտրոնը:

Արթուր Թորոսյանը նշեց, որ իրենց առաքելությունը  Հայաստանում տարեցների կյանքի որակի բարելավումն է, նրանց արժանապատիվ, երջանիկ և ակտիվ ծերության ապահովումը։

Խոսելով առողջապահական գործունեության մասին, Արթուր Թորոսյանը որպես Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիա նախագահ, ասաց, որ իրենց նպատակն է նպաստել Հայաստանում գերիատրիկ և գերոնտոլոգիական ծառայությունների զարգացմանը, տարեցների ինտեգրված խնամքի ներդրմանը, ինչպես նաեւ տարեցների հետ աշխատող մասնագետների (բժիշկներ, բուժքույրեր, խնամողներ և այլն) շարունակական մասնագիտական կրթության ապահովումը: Այս առումով խոսվեց նաեւ «Հանգանակ» ՀԿ բուժանձնակազմի հետ կազմակերպվող դասընթացների մասին, որոնք կլինեն շարունակական եւ արդեն սեպտեմբերին պլանավորվում է դասընթացների երկրորդ փուլը:

Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց: Մարգարիտ Քիլաջյանը տպավորված էր Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի կողմից իրականացվող լայնամասշտաբ աշխատանքներով: Առանձնահատուկ կարեւորություն տրվեց Գերիատրիկ կաբինետի նախագծին, որը ընթացքի մեջ է եւ կլինի որպես պիլոտային ծրագիր՝ հետագայում բոլոր պոլիկլինիկաներում ներդնելու համար: