ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի  հունիսյան հանդիպումը

Հունիսի 17-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Նախօրեին աշխատանքային խմբի անդամները ստացել էին օրակարգը՝ ըստ որի հանդիպումը պիտի սկսվեր Հանգանակի նոր անդամ, հոգեթերապեւտ դոկտոր Անահիտ Լալայանի զեկույցով: Ինչպես խոսվել է նախորդ քննարկումների ժամանակ, Հանգանակի ծառայություններին ավելացել է շահառուների հոգեբանական խորհրդատվությունը: Ծառայությունները մեկնարկել են ապրիլ ամսից եւ աշխատանքային խմբին պիտի ներկայացվեր առաջին արդյունքները:

Անահիտ Լալայանը ներկայացավ եւ պատմեց իր աշխատանքային փորձի եւ իրականացվող ծրագրերի մասին: Լինելով «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարը, դոկտոր Լալայանը աշխատում է բնակչության տարբեր խավերի հետ: Ավելի քան 20 տարվա փորձը նրան հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել մատուցվող ծառայությունները: Կենտրոնը  աշխատում է եւ անհատների, եւ կազմակերպությունների հետ: Որոշ ծրագրեր ունեն պետական հովանավորություն: Կենտրոնը հանդիսանում է նաեւ գիտա-հետազոտական հաստատություն, որը իրականացնում է հետազոտություններ՝ ուսումնասիրելու բնակչության հոգեկան առողջության վրա պատերազմական սթրեսների ազդեցությունը: Խոսելով վերջին պատերազմի մասին, ասվեց, որ իրականացվում է նման հետազոտություն, սակայն արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:

Հանգանակի շահառուների համար իրականացվում է հոգեբանական խմբային խորհրդատվություններ: Այդ սեանսները կազմակերպվում են շաբաթը մեկ անգամ՝ ամեն հինգշաբթի (ժամը 14:00 – 16:00): Դրանք բաց խմբեր են, այսինքն շահառուները կարող են մասնակցել ըստ իրենց ցանկության, ամեն անգամ խմբերը կարող են ունենալ տարբեր կազմ՝ ըստ ներկայացած մասնակիցների: Ըստ Անահիտ Լալայանի արդեն արձանագրվում է որոշակի առաջընթաց: Բացի խմբային սեանսներից, հոգեբանական ծառայություններ պիտի մատուցվեն նաեւ անհատական խոհրդատվությունների ձեւով: Անհատական հոգեբանական ծառայություններից օգտվելու շահառուների ցանկը կորոշվի հարցախույզից հետո, որը թույլ կտա բացահայտելու հոգեբանական խնդիրներ ունեցող այն մարդկանց, որոնք ունեն հատուկ բուժման կարիք:  Դոկտոր Լալայանը պատասխանեց աշխատանքային խմբի հարցերին եւ մանրամասն ծանոթացրեց իրենց կողմից օգտագործվող հարցաթերթիկի եւ հետազոտության անցկացման ժամանակացույցի հետ:

Հաջորդ հարցը 2022 թվականի մայիսի հաշվետվությունների վերլուծությունն էր: Ֆինանսական առումով խնդիրներ կծագեն արդեն հուլիսից, քանի որ դոլարի անկումը շարունակվում է, իսկ դեղանյութերի եւ մթերքի արժեքները բարձրանում: Դա կրկնակի կավելացնի ծախսերը: Առաջարկվեց կատարել որոշ գործառույթների կրճատում: Մասնավորապես խոսվեց անգլերենի դասընթացների ժամանակավոր դադարեցման մասին:

Աշխատանքային խումբը գոհունակություն հայտնեց մայիս ամսվա պարենամթերքի ընտրանու մասին: Ընդգծված ավելացել էր սպիտակուցայն սնունդը, որը շատ ողջյունելի է: Շահառուները նույնպես գոհ էին մայիս ամսվա սննդի տեսականուց:

Հակիրճ խոսվեց նաեւ Քովիդ-19-ի հետ կապված իրավիճակի մասին: Բարեբախտաբար, Արցախում նոր դեպքեր վաղուց չեն գրանցվում:

Քննարկվեցին  նաեւ այլ ընթացիկ հարցեր: