ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի 2023 թվականի երկրորդ արտահերթ հանդիպումը

Հունվարի 22-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի արտահերթ հանդիպումը: Այն կազմակերպվեց Մարգարիտ Քիլաջյանի հրավերով՝ քննարկելու Տարեցների Ծրագրի ֆինանսավորման հարցը: Հանդիպումը ինչպես միշտ վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԿԲՄ խորհրդի անդամ Ջոանն Ջանջիգյանը, Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանը եւ «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը:

Ինչպես նշվեց քննարկման հիմնական թեման Տարեցների ծրագրի ֆինանսավորումն էր: Ծրագրի 2023 թվականի բյուջեի մոտ 2/3-ը կֆինանսավորվի ՀԿԲՄ կողմից, իսկ ավելի փոքր մասը, որը հիմնականում աշխատավարձներն են, ենթադրվում էր, որ կունենա պետական ֆինանսավորում: Սակայն վերջին զարգացումներից պարզ դարձավ, որ ստեղծված իրավիճակում ակնկալել պետական աջակցություն դժվար է: Հետեւաբար ծրագիրը, որի կարիքն ունեն Արցախի 320 միայնակ տարեցներ, կունենա լուրջ խնդիրներ: Արդեն իսկ Հանգանակ ՀԿ ստացել է որոշ նվիրատվություններ անհատների եւ տեղական կազմակերպության կողմից, սակայն դրանք բավարար չեն ծրագիրը կյանքի կոչելու համար:

Քննարկվեցին բոլոր հնարավոր տարբերակները Տարեցների ծրագիրի հարթ ընթացքը շարունակելու համար: Առաջարկվեց, չնայած ԱՄՆ դոլարի անկման հետեւանքով աշխատակիցների աշխատավարձների զգալի նվազումը, չվերանայել աշխատավարձների բարձրացման հարցը, այլ առաջադրել նախորդ տարվա բյուջեն՝ կրճատելով բոլոր լրացուցիչ ծախսերը: Սակայն նույնիսկ այդ պայմաններում, առկա միջոցները չէին բավարարում: Ուստի աշխատանքային խմբի կողմից առաջարկվեց կազմակերպել դրամահավաք:

Քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր եւ որոշվեց, որ պետք է անմիջապես սկսել նախապատրաստական աշխատանքները դրամահավաքը արագ եւ արդյունավետ կազմակերպելու համար: