ՀՕՖ-ը պատրաստ է աջակցել «Հանգանակ»-ի բոլոր առաջիկա ծրագրերին

Հայ Օգնության Ֆոնդի եւրեւանյան գրասենյակում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հանգանակ ՀԿ պատասխանատուների հանդիպումը ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի եւ Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի հիմնադիր-տնօրեն Արթուր Թորոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանը: Նշենք, որ Արցախի ցեղասպան շրջափակումից առաջ, 2022 թվականի սեպտեմբերի վերջին Համբարձում Սիմոնյանը եւ Առնո Հովհաննիսյանը Ստեփանակերտում այցելեցին Հանգանակի գրասենյակ՝ տեղում ծանոթանալու եւ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար: Եվ արդեն 2023 թվականի սեպտեմբերին՝ դաժան շրջափակման պայմաններում կատարվեցին առաջին քայլերը՝ ԼՂՀ-ում գերոնտոլոգիայի զարգացման ծրագրի շրջանակներում Հանգանակի մի խումբ շահառուների հետ կատարվեց հարցախույզ:

Ողբերգական իրադարձություններից հետո ՀՕՖ-ը չէր կարող անտարբեր մնալ Հանգանակի աշխատակազմի եւ շահառուների հետագա ճակատագրի նկատմամբ: Այս հանդիպումը կայացավ Համբարձում Սիմոնյանի հրավերով: Նա ողջունեց հանդիպման մասնակիցներին եւ հավաստիացրեց, որ ՀՕՖ-ը միշտ պատրաստ է աջակցել կազմակերպության բոլոր առաջիկա ծրագրերին: Հանգանակի աշխատակիցները ներկայացրին իրենց առջեւ ծառացած խնդիրները եւ առաջիկա անելիքները: Նրանք քննարկեցին մի շարք հարցեր կապված շահառուների տեղակայման բացահայտման աշխատանքների եւ նրանց ամենահրատապ կարիքների լուծման հետ: Խոսվեց, որ ամեն ինչ դեռեւս անորոշ է, այդ թվում շահառուների վերջնական բնակության վայրի հաստատումը: Ուստի առաջիկա ծրագրերը կապված կլինեն այդ պահին ծառացած խնդիրների ժամանակավոր լուծման եւ միանվագ ֆինանսական աջակցության հետ:

Դժբախտաբար, ստեղծված իրավիճակում գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի զարգացման ծրագիրը մղվել է հետին պլան՝ տեղը զիջելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծմանը: Սա է ժամանակի հրամայականը եւ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն դրանք լուծելուն: Քննարվեցին նաեւ հոգեբանական խնդիրները տարհանված տարեցների շրջանում: Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիան կլծվի այդ գործին առաջիկա օրերին:

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված մեր շահառուների հետագա ճակատագրին նոր իրականության մեջ: