Մայիսի 22-ին Հանգանակի թիմը ուղեւորվեց Ասկերան՝ պարենամթերքը եւ դեղանյութերը հասցնելու Ասկերանի շահառուներին: Ապրիլ ամսին թիմը չի այցելել շահառուներին, սակայն նրանք միշտ եղել են Թաթուլ Շեքյանի ուշադրության կենտրոնում:
Վերջին այցի ժամանակ Հանգանակի աշխատակիցները անձամբ հումանիտար օգնությունը առաքել են շահառուներին տուն: Դա հնարավորություն է տվել այցի ժամանակ գնահատել ինչպես նրանց առողջական վիճակը, այնպես էլ կենցաղային կարիքները: Դա առանձնապես կարեւոր է հիմա՝ հաշվի առնելով շրջափակումը եւ դրանից բխող խնդիրները: Ուստի որոշվեց եւ այս այցի ժամանակ կատարել առաքումը շահառուներին տուն: Այսպիսով, կատարվեց 11 տնային այց Ասկերանում, եւս 2 շահառուի այցելեցինք Խնապատում եւ 2 շահառուի Ծաղկաշատում:
Պետք է նշել, որ մի շարք գյուղապետեր արդեն ստացել են իրենց միայնակ տարեցների պարենամթերքը եւ դեղանյութերը Հանգանակի գրասենյակից: Իսկ որոշ շահառուներ Ասկերանի շրջանից նախընտրել են անձամբ գալ Ստեփանակերտ եւ ստանալ իրենց պարենամթերքը գրասենյակից: Այսպիսով, Ասկերանի 43 շահառուները արդեն ստացել են մայիս ամսվա իրենց հատկացված օգնությունը:
Տպավորությունը այցերից գոհացուցիչ էր, որոհետեւ վերջին ամիսներին տրամադրված մթերքը, հիգիենայի պարագաները հիմնականում բավարարել են շահառուների կարիքները: Նրանք մեծ գոհունակություն եւ երախտագիտություն հայտնեցին առանձնապես դեղանյութերի համար, քանի որ ապրիլին դեղանյութերի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր, որը նրանց մոտ ֆինանսական խնդիրներ էր առաջացրել:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: