Նինա Մ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսին։

Ծնվել է 1932 թ. Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում: Հայրը աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում, մայրը՝ տեղի մանկապարտեզում դաստիարակչուհի էր։ Ընտանիքում մեծանում էին երեք երեխա՝ 2 տղա եւ 1 աղջիկ։ Նինան պատմում է, որ ինքը դեռ 10 տարեկան էլ չկար, երբ մայրը հանկարծամահ է լինում։ Ընտանիքի հոգսը ինչ-որ չափով թեթեւացնելու նպատակով նա ստիպված թողնում է ուսումը եւ սկսում աշխատել գյուղի գորգագործական ֆաբրիկայում։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո նա տեղափոխվում է Ստեփանակերտ՝ տատիկի մոտ եւ շարունակում աշխատել արդեն Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկայում։ Տարիների ընթացքում նա դառնում է հմուտ գորգագործ եւ ունենում բազմաթիվ աշակերտներ։ Գորգագործական ֆաբրիկայից նա տեղափոխվում է Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատ։ Հենց այդ տարիներին էլ տատիկի միջնորդությամբ նա ծանոթանում է Դանիել անունով մի երիտասարդի հետ ու ամուսնանում։ Նրանք ուենում են մեկ աղջիկ։ Սակայն ամուսնական կյանքը չի դասավորվում եւ երեխայի մի տարին չլրացած՝ նրանք բաժանվում են։ Նինան պատմում է, որ ինքը կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել։ Մեն-մենակ մեծացրել ու կրթություն է տվել աղջկան՝ Իրային։

Իրան ամուսնանում է ու տեղափոխվում ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքը։ Ունի երկու երեխա։ Նա հիշում է, որ ինքը մի քանի անգամ այցելել է աղջկան ու վայելել թոռնիկների քաղցրությունը։ Սակայն կյանքը դաժան է գտնվում, եւ աղջիկը՝ Իրան շատ երիտասարդ տարիքում մահանում է, մի քանի տարի անց մահանում է նաեւ Իրայի ամուսինը։ Այժմ թոռները ապրում են Պյատիգորսկում։

Աղջկա մահից հետո մի օր Նինան փողոցում՝ Հանգանակի տարածքում, վատանում է եւ պատահական մարդիկ նրան հասցնում են Հանգանակ՝ առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար։ Նա մեծ ոգեւորությամբ է հիշում, թե ինչպես են Հանգանակի աշխատակիցները նրան ընդունել ու ցույց տվել առաջին օգնությունը։ Դա եղել է 2007 թվականին, որն էլ հենց առիթ եղավ նրան Հանգանակում ընդգրկվելու համար։

Հանգանակում ընդգրկվելուց հետո նրա կյանքը փոխվում է։ Նա հաճախակի էր այցելում Հանգանակ, զրուցում եւ աշխատակիցների, եւ շահառուների հետ, մասնակցում էր թե՛ Հանգանակում, եւ թե՛ Հանգանակից դուրս կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Սակայն արդեն հինգ տարի է, ինչ առողջության պատճառով չի կարողանում ներկայանալ Հանգանակ, իսկ երկու տարի էլ ընդհանարապես տնից դուրս չի գալիս։

Նա հիպերտոնիկ է, տառապում է նաեւ պարկենսոնիզմ հիվանդությամբ։ Առողջական վիճակի պատճառով ինքը պոլիկլինիկա չի հաճախում։ Անհրաժեշտության դեպքում նրան այցելում է պոլիկլինիկայի, իսկ ավելի հաճախ՝ Հանգանակի բժիշկը։ Նա շատ գոհ է Հանգանակի իր բուժքույր Էլզա Սիմոնյանից, որը հաճախակի է այցելում իրեն, բերում նշանակված դեղերը՝ Կապտոպրիլ 25մգ N30, Կարդիոմագնիլ 75 մգ N30, Կատվախոտի հան. N50։ Նա ընդգրկված է նաեւ Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության տնային սպասարկման ծառայության ցուցակում, որի սոցաշխատակիցները եւս այցելում են նրան ու կատարում ցանկացած աշխատանք։ Հենց նրանք էլ Հանգանակից Նինային հասանելիք ամենամսյա պարենամթերքը հասցնում են նրան։ Հանգանակից ստացված մթերքը հերիքում է գրեթե ամբողջ ամիս։ Նրա թոշակը կազմում է 45000 դրամ։ Իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի բաժանմունքից նա ամեն ամիս ստանում է եւս 6000 դրամ նպաստ։

Նա բնակվում է իր մեկ սենյականոց բնակարանում, որը ստացել է Ղարմետաքսկոմբինատում աշխատելու տարիներին։ Ձմռանը բնակարանը տաքացվում է էլեկտրական ջեռուցիչով, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։

Նա խորին շնորհակալություն է հայտնում բարերարներին, Հանգանակի տնօրինությանը եւ ողջ անձնակազմին։