Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին:
Սլավիկը ծնվել է 1947 թվականի հունիսի 29-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Ընտանիքի 8 երեխաներից նա 4-րդ երեխան էր։ Նա ընդամենը մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Շուշի։
Սկզբնական կրթությունը Սլավիկը ստանում է Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցում, իսկ 8-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվում Մարտունու շրջանի Կարմիր շուկա՝ ապրելու ու շարունակել ուսումը այնտեղ։ 1965 թվականին, Կարմիր շուկայում միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվում է խորհրդային բանակ։ 1967 թվականին ավարտելով ծառայությունը վերադառնում է Ստեփանակերտ՝ ընդունվում բժշկական տեխնիկում։ 1970 թվականին ավարտելով տեխնիկումը՝ ստանում է բուժակի մասնագիտություն եւ գործուղղվում աշխատելու Շուշիի համաճարակաբանության եւ հիգիենայի կայանում, որտեղ էլ աշխատում է մինչեւ թոշակի անցնելը։ Շուշիում նա ուներ մեկ սենյականոց բնակարան, որը 1990-ական թվականներին պետությունն էր տրամադրել իրեն։ Սլավիկը ամուրի է, երեխաներ չունի։
Արցախյան երրորդ պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին, ստիպված թողնելով հայրենի Շուշին՝ տեղափոխվում է Երեւան, այնտեղից էլ իրեն տեղափոխում ու տեղավորում են Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկում։ Պատերազմի դաժան ավարտից հետո, չնայած որ Շուշին եւս հանձնվել էր ու նա կորցրել էր ե՛ւ տուն ու տեղ, ե՛ւ ապրուստ, Սլավիկը 2021 թվականի հունվարին տեղափոխվում է Ստեփանակերտ։ Կառավարությունը նրան տեղավորում է Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում, որտեղ էլ ապրում է մինչ օրս։
Սլավիկը Հանգանակի շահառու էր 2016 թվականի հոկտեմբերից, երբ Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց ֆինասավորել Հանգանակի Շուշիի ծրագիրը։ Շուշիի ծրագիրը ընդհատվում է պատերազմից հետո: 2020 թվականի դաժան պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարից, Հայ կանանց բարեկեցության միության խորհրդի որոշմամբ, ընդլայնվում է Ստեփանակերտի ծրագիրը եւ որոշվում ցուցակում ընդգրկել Արցախի բռնագաղթված շրջաններից տեղահանված եւ Արցախում՝ մասնավորապես Ստեփանակերտում ապրող միայնակ տարեցներին։ Ուստի Սլավիկն էլ 2021թ. հունվարին տեղափոխվելով Ստեփանակերտ անմիջապես ընդգրվկվում է Հանգանակի շահառուների ցուցակում։
Նրա թոշակը կազմում է 76000 ՀՀ դրամ, որից՝ 11500 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։
Նա տառապում է երկրորդ աստիճանի ծանրության հիպերտոնիայով, երկրորդ տիպի շաքարային դիաբետով, ունի տեսողության պրոբլեմ՝ կատարակտ։ 2016 թվականին վիրահատվել է նրա ձախ աչքը, հիմա էլ պատրաստվում է վիրահատել աջ աչքը։ Նա միաժամանակ նշում է, որ նշված հիվանդությունները ժառանգական ֆակտոր չեն հանդիսանում եւ նա բոլորը ձեռք է բերել տարիների ընթացքում։
Հանգանակից նա ստանում է Նոլիպրիլ ֆորտե N30, Կարդիոմագնիլ 75մգ N30, Օմեպրազոլ 20 մգ N30, Սպազմալգոն N10, դեղերը, իսկ պոլիկլինիկայից Մետֆարմին 1000մգ N30, Դիաբետոն 60 մգ N30։ Հանգանակից նրան տրամադրվել է նաեւ ճնշումն ու շաքարը չափելու սարքեր։
Սլավիկը հաճախ է այցելում Հանգանակի գրասենյակ, խորհրդակցում Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանի հետ։ Հանգանակը նա համարում է իր հայրական տունը՝ մանավանդ որ նա Շուշիում է թողել ամեն ինչ, եւ ամեն մի սրտնեղած պահի նա այցելում է Հանգանակ՝ զրուցում, կիսվում՝ որոշ չափով հանգստանում։
Նա իր շնորհակալությունն է հայտնում Հանգանակի բարերարներին եւ ողջ անձնակազմին։