Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին:
Սոֆյան ծնվել է 1928թ. մարտի 21-ին Կիրովաբադ քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ երկաթգծի աշխատող։ Ընտանիքում մեծանում էին 4 աղջիկ։ Սոֆյան ընտանիքի կրտսերն էր։ Միջնակարգն ավարտելուց հետո Սոֆյան ընդունվել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումի գրադարանային բաժինը։ Տեխնիկումն ավարտելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ նա սկզբում աշխատել է հանրային գրադարանում՝ որպես գրադարանավար, այնուհետեւ մանկական գրադարանում՝ որպես բաժնի վարիչ։
Չորս քույրերից միայն մեծն էր ամուսնացել։ Սոֆյան էլ կառչելով այդ տարիների ավանդույթներին՝ քանի դեռ չեն ամուսնացել մեծ քույրերը, ինքն էլ չամուսնացավ, չնայած ուներ բազմաթիվ երկրպագուներ։
1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, երեք քույրերով ստիպված թողնելով տուն-տեղ տեղափոխվեցին Երեւան, իսկ մեծ քույրը ընտանիքով տեղափոխվեց Ստեփանակերտ։ Երեւանում նրանք ապրում էին փախստականների համար հատկացված հանրակացարաններում։
1999 թվականին՝ քույրերի մահից հետո Սոֆյան Երեւանում մնալով մենակ, տեղափոխվում է Ստեփանակերտ քրոջ մոտ, մանավանդ որ քույրն էլ էր հասակ առել ու խնամքի կարք ուներ, իսկ քրոջ զավակները գտնվում էին ՌԴ-ում։ 2008 թվականին քույրը մահանում է, բայց մինչ օրս Սոֆյան ապրում է քրոջ բնակարանում, քանի որ չունի իր սեփականը։
Սոֆյան Հանգանակի շահառու է 2013 թվականից: Հանգանակի մասին տեղեկացվել է ծանոթներից: Նա մինչ վերջին ժամանակներս մասնակցում էր համարյա բոլոր միջոցառումներին՝ թե Հանգանակում, եւ թե Հանգանակից դուրս։
Սոֆյան հիպերտոնիկ է, ունի կատարակտ ու արդեն մոտ մեկ ամիս է, ինչ նրա առողջականը լրիվ վատացել է ու նա անկողնային է։ Քրոջ որդին ՌԴ-ից տեղափոխվել է Ստեփանակերտ խնամելու մորաքրոջը, սակայն առողջական խնդիրների պատճառով նա էլ այժմ բուժվում է Երեւանում։ Այժմ Սոֆյային խնամում ու նրա մասին հոգ են տանում նրա հարեւանները, քանի որ մինչ օրս նա վայելում է բոլոր հարեւանների սերն ու հարգանքը։
Նրան հաճախակի են այցելում բժիշկ Լիլյա Սեյրանյանը եւ բուժքույր Էլզա Սիմոնյանը է, տրամադրում Հանգանակից հասանելիք դեղերը՝ Էնալապրիլ 10մգ N30, Կարդիոմագնիլ 75մգ N30, Տոպրադեքս, չափում ճնշումը, հետաքրքրվում առողջականով ու խորհուրդներ տալիս, իսկ Հանգանակից տրամադրվող մթերքը, որը հերիքում է ամբողջ ամիս, սոցաշխատողներն են հասցնում նրան։
Ամսական ստանում է 54700 ՀՀ դրամ թոշակ։
Բնակարանը ձմռանը ջեռուցվում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։
Նա շատ շնորհակալ է բարերարներից, որոնք կարողանում են արտերկրից օգնության ձեռք մեկնել եւ զգալիորեն թեթեւացնել իր նմանների կյանքը, շնորհակալ է նաեւ Հանգանակի ողջ անձնակազմից, առանց որի չի պատկերացնում, թե ոնց կանցներ իր տարիները թե ֆինանսապես, եւ թե հոգեպես, քանի որ նա հաճախակի էր այցելում Հանգանակ՝ շփվում, կիսվում ու հանգստանում։