Սպասված հանդիպում ՀՕՖ-ի գրասենյակում

Հունիսի 29-ին ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը եւ «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը հանդիպեցին ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ: Ամիսներ առաջ Համբարձում Սիմոնյանի եւ Գոհար Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին մեծապես արդյունավետ դասընթացներ ՝ «Հանգանակ» ՀԿ բուժանձնակազմի համար: Դասընթացները վարում էին Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի մասնագետները: Դա «Հանգանակ» ՀԿ եւ ՀՕՖ-ի համագործակցության սկիզբն էր: ՀՕՖ-ը իր վրա էր վերցել դասընթացների հետ կապված բոլոր ծախսերը: Ըստ «Հանգանակ» ՀԿ եւ Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիայի միջեւ բանավոր պայմանավորվածության, դասընթացները պետք է լինեն շարունակական եւ հաջորդ էտապը նախատեսվում է աշնանը: Այս ամբողջ գործընթացում ՀՕՖ-ի առաքելությունը մնում է անփոփոխ՝ սատարել բոլոր արդյունավետ նախաձեռությունները՝ հասնելու բուժսպասարկման որակի բարձրացման:

Համբարձում Սիմոնյանը ներկայացրեց ՀՕՖ-ի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը՝ առանձնահատուկ կանգ առնելով առողջապահական եւ սոցիալական ծրագրերի վրա:

Մարգարիտ Քիլաջյանը իր հերթին խոսեց ՀԿԲՄ /AWWA/ ավելի քան 100 տարվա պատմության եւ ներկա անելիքների մասին: Խոսելով ժամանակի մարտահրավերների մասին, նա ներկայացրեց այն ֆինանսական դժվարությունները, որ AWWA-ի կողմից կառավարվող Հայկական խնամքի եւ վերականգնողական կենտրոնը առերեսվում է Քովիդի հետ կապված սահմանափակումների պատճառով: Սակայն դրանք ժամանակավոր բնույթ են կրում եւ հուսով շուտով կարելի կլինի հաղթահարել: Այս առումով ՀՕՖ-ի սատարումը «Հանգանակ» ՀԿ-ի գործունեության որոշ ոլորտներում, մասնավորապես ձմեռվա ամիսներին շահառուների ջեռուցման փոխհատուցման ծախսերի մասով, բավականին կթեթեւացներ AWWA-ի ֆինանսական բեռը:

Հանդիպումը ընթացավ շատ ջերմ մթնոլորտում: Համբարձում Սիմոնյանը նշեց, որ Գոհար Հովհաննիսյանի հետ երկար տարիների բաեկամներ են եւ Արցախի առողջապահության համակարգի կայացման եւ բարգավաճման համար միասին երկար ճանապարհ են անցել: Նա վստահեցրեց, որ AWWA-ի կողմից ներկայացված խնդրի մասին անպայմանորեն կիրազեկվեն ՀՕՖ-ի պատասխանատուները, իսկ առաջիկայում՝ արդեն հուլիսի կեսերին, Ստեփանակերտում՝ «Հանգանակ» ՀԿ գրասենյակում, կքննարկվեն համագործակցության հնարավորությունները: