Փետրվար ամսվա մթերքը «Հանգանակը» հասցրել է Ասկերան

Հանգանակի թիմը 2023 թվականի փետրվար ամսվա պարենամթերքը հասցրել է Ասկերանի շահառուներին: Հաշվի առնելով վառելիքի պակասը, այս անգամ նույնպես որոշվեց մթերքը առաքել դեղանյութերի հետ միասին: Այցը կատարվեց փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին, երբ արեւը մայր էր մտնում:

Բացի Ասկերան քաղաքի 11 շահառուներից, պարենամթերք եւ դեղանյութեր է  տրամադրվել եւս 2 շահառուի Խնապատից եւ 2 շահառուի Ծաղկաշատից, որոնց համար առաքումը կկազմակերպի Ասկերանի պատասխանատու Թաթուլ  Շեքյանը: Ասկերանի շրջանի մնացած 28 շահառուների պարենամթերքի տրամադրումը իրականացվում է Հանգանակի Ստեփանակերտի գրասենյակից:

Ասկերանի շահառուների մեծամասնությունը իրենց օգնությունը ստացան Ասկերանի գրասենյակից: Գրասենյակում էլեկտրականություն չկար, այնպես ինչպես ամբողջ քաղաքում, եւ պարենամթերքի ու դեղանյութերի դուրս գրումը կատարվում էր հեռախոսի լապտերի լույսի տակ:

Նույն օրը Թաթուլ Շեքյանը առաքեց եւս երկու Ասկերանի շահառուների օգնությունը:

 

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: