Օգոստոսի 27-ին Երեւանում տեղի ունեցավ սպասված հանդիպումը «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանի եւ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ եւ «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ հիմնադիր/նախագահ Արթուր Թորոսյանի հետ:
Համագործակցելու հարցը քննարկվել էր օրեր առաջ ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ: Փորձելով եզրեր գտնել ՀՕՖ-ի եւ «Հանգանակ» ՀԿ համագործացության համար, քննարկվեց մի շարք հնարավորություններ բուժանձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման եւ նոր արդիական գերիատրիկ գիտելիքներ ապահովելու գործում: Մասնավորապես քննարկվեց Մեծահասակների հիվանդությունների կառավարման (Adult Diseases Management – ADM) ծրագրի սեղմ տարբերակի ներդրման հնարավորությունը, որը լայնորեն իրականացվել էր Արցախում եւ ունեցել գերազանց արդյունքներ: Սակայն հաշվի առնելով ծրագրի շահառուների տարիքային խումբը, որոշվեց առավելագույն արդյունք ստանալու համար թիրախավորել տարեցներին՝ ներգրավելով համապատասխան մասնագետներին: Համբարձում Սիմոնյանը, որպես մասնագիտացված եւ փորձառու թիմ, նշեց «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ, ինչպես նաեւ վերջինիս քույր կազմակերպությունը՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան, հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանին: Կարծիք հայտնեց, որ այն դասընթացները, որոնք կազմակերպում է «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն ավելի նպատակային կլինի «Հանգանակ» ՀԿ բուժանձնակազմի համար:
«Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ ՀՀ-ում գործող միակ կազմակերպությունն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում գերիատրիկ և գերոնտոլոգիական ծառայությունների զարգացմանը, ինտեգրված խնամքի ներդրմանը, նպաստել տարեցների ակտիվության, անկախության և հասարակական կյանքում ներգրավվածության պահպանմանը։ Այս ամենը համահունչ են «Հանգանակ» ՀԿ նպատակներին եւ խնդիրներին: Ուստի որոշվեց հանդիպել եւ մշակել հետագա համագործակցության ծրագիր:
Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Արթուր Թորոսյանը ներկայացրեց կազմակերպության հիմնադրման պատմությունը, նպատակները եւ խնդիրները: Ծրագրի համակարգող Լիլիթ Մուրադյանը պատմեց իրենց առօրյայի մասին, ցույց տվեց ընդարձակ գրասենյակում տեղակայված փոքրիկ արտադրամասը, որտեղ մասնագետները տարեցների համար կազմակերպում են աշխատանքային թերապիա, պատմեց ակնկալվող երաժշտական թերապիայի, զանազան միջոցառումների մասին, որոնք անց են կացվել եւ դեռ պատրաստվում են իրականացնել:
Գալով համագործկցությանը, նշվեց դասընթացների անհրաժեշտության մասին: Որոշվեց, որ սեպտեմբերի առաջին օրերին մասնագետները կայցելեն Արցախ նախնական կարիքների գնահատման համար, որի հիման վրա կկազմվի համապատասխան ծրագիր:
ՀՕՖ-ը պատրաստակամություն է հայտնել սատարել ցանկացած առաջարկված նպատակային ծրագիր:
Լուսանկարում`«Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը և Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի ղեկավար Արթուր Թորոսյանը