Լուսածին Վ.

Հարցազրույցը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսին:

Լուսածինը ծնվել է 1952 թվականին Լենինականում (այժմ Գյումրի)՝ բանվորի ընտանիքում: Լուսածնի նախնիները Արեւմտյան Հայաստանից են, որ 1915թ. Եղեռնից փախչել են մերձավոր արեւելք: Հայրը ծնվել է 1928թ. Բեյրութում, իսկ մայրը՝ 1932թ. Սիրիայում: 1948թ. հոր եւ մոր ընտանիքները տեղափոխվում են Խորհրդային Հայաստան՝ մշտական բնակության: Նրանք հայրենադարձության առաջին ալիքով բնակություն են հաստատում Լենինականում, որտեղ էլ հանդիպում են Լուսածնի հայրն ու մայրը եւ տատիկների միջնորդությամբ ամուսնանում: Հայրը հմուտ փականագործ էր, իսկ մայրը՝ ջուլհակուհի: Ընտանիքում երեք երեխա էին՝ երկու աղջիկ եւ մեկ տղա: Նա ընտանիքի փոքրն էր: 1960թ. ընտանիքը տեղափոխվում է ք. Երեւան, որտեղ էլ Լուսածինը ավարտում է Երեւանի թիվ 86 նկարչական թեքումով դպրոցը: Միջնակարգն ավարտելուց հետո նա հաճախում է նաեւ երկամյա ֆրանսերենի եւ անգլերենի դասընթացների:

Կրթություն ստանալուց հետո Լուսածինը աշխատում է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում որպես տեխնիկ, իսկ հետո՝ ինժեներ:

1987թ. Լուսածինը հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Ռուբեն Խ-ին, որ ծննդով Ղարաբաղցի էր, եւ ամուսնանալուց հետո նրանք տեղափոխվում են Ստեփանակերտ: Շատ շուտով Լուսածինը աշխատանքի է ընդունվում քաղաքապետարանի մշակույթի բաժնում, որպես քարտուղարուհի:

Շատ երջանիկ էր Լուսածինը ամուսնու հետ, բայց ցավոք դա շատ կարճ է տեւում: Ռուբենը քաղցկեղով հիվանդանում է եւ 1991թ. ամռանը մահանում, սակայն այդ մի քանի տարիները նրանց համար այնքան իմաստալից էին ու փոխադարձ սիրով լեցուն, որ նրանց թվում էր մի ամբողջ կյանք են համատեղ ապրել: Այնքան սեր ու ջերմություն է ստացել ամուսնուց, որ մինչեւ հիմա զգում է նրա ներկայությունը, մինչեւ անգամ չի վերանորոգում բնակարանը, որ պահպանի ամուսնու ձեռքով նորոգած տան ոգին:

1994-1996 թթ. Լուսածինը աշխատում է Մշակույթի տանը՝ որպես գործավար, իսկ 1998-2015թթ.՝ մինչեւ թոշակի անցնելը, աշխատում է Ստեփանակերտի Տուն-ինտերնատում՝ որպես մատուցողուհի: Շատ կապված էր իր աշխատանքին, օգնում էր տարեցներին, շփվում ու փարատում նրանց եւ իր մենությունը: Հանգանակի մասին տեղյակ էր Տուն-ինտերնատից, սակայն ավելի մանրամասն իմանում է իր հարեւանուհի Ագնեսա Հ-ից, որ Հանգանակի առաջին շահառուներից մեկն է: 2017 թ. Լուսածինը դիմում է Հանգանակին: Գրասենյակի բարեհամբյուր աշխատակիցները նրան հերթագրում են, իսկ որոշ ժամանակ անց հայտնում են, որ նա նույնպես դարձել է Հանգանակի շահառու: Հանգանակի շահառու դառնալուց հետո նա իրեն զգում է ավելի ապահով, ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատված, զգացմունքներ, որ նա վաղուց չէր ունեցել:

Լուսածինը բնակվում է երկու սենյականոց բնակարանում, որն իրեն է թողել ամուսինը: Տունը ջեռուցում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է Հանգանակի կողմից տրամադրվող գումարով:

Առողջական վիճակը համարում է բավարար, սակայն տառապում է արթրոզով, վարիկոզ հիվանդությամբ եւ նեւրոզով: Դեղերը ստանում է Հանգանակից: Պոլիկլինիկա հազվադեպ է հաճախում, հիմնականոմ խորհրդակցվում է Հանգանակի բժշկի հետ: Բուժքույրը Էլզա Ներսիսյանն է, որից շատ գոհ ու շնորհակալ է: Հանգանակի կողմից տրամադրվող մթերքը բավարարում է ամբողջ ամիս:

Թոշակը կազմում է 60.000 ՀՀ դրամ, որը խնայողաբար է օգտագործում: Լուսածինը ասում է, որ շատ է տնտեսում:

Հանգանակի միջոցառումներին դեռ չի հասցրել մասնակցել, քանի որ տոն օրերին այցելում է իր հարազատներին Երեւանում: Շատ ոգեւորությամբ եւ հուզմունքով է խոսում բարերարների մասին, քանի որ նա էլ արմատներով Արեւմտյան Հայաստանից է: Հիշում է իր հոր պատմածներից, թե ինչպես Սեբաստիայում իրենց գերդաստանը թուրքերը մորթել են հենց իր պապիկի աչքի առաջ: Այժմ իր խորին երախտագիտությունն է հայտնում բարերարներին իրենց ազգանվեր եւ հայանպաստ գործի համար: «Աստված օրհնի նրանց», — ասում է Լուսածինը:

«Շնորհակալ եմ նաեւ Հանգանակի ողջ անձնակազմից, իրենց մարդկային վերաբերմունքի համար», — ավելացնում է նա: