Առողջ ապրելակերպի դասընթաց․ Հասկացություն օստեոարթրոզի մասին եւ Տարեցների միջազգային օրվա համատեղ նշում

Հոկտեմբերի 1-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում է Տարեցների միջազգային օրը, «Հանգանակ»-ը շահառուների համար կազմակերպեց «Առողջ ապրելակերպ» շարքի հերթական միջոցառումը։ Այն նվիրված էր օստեոարթրոզին՝ հոդերի ամենատարածված քրոնիկ հիվանդությանը և տարեցների հաշմանդամության հիմնական պատճառներից մեկին։

Սեմինարը վարեց բժիշկ Լիլյա Սեյրանյանը, նա ներկայացրեց օստեոարթրոզը՝ որպես հոդերի դեգեներատիվ հիվանդություն, որը հիմնականում վնասում է ծնկները, ազդրերը, ողնաշարը և ձեռքերի հոդերը։ Նա առանձնացրեց հիվանդության պատճառներն ու ռիսկի գործոնները․ տարիքի հետ կապված աճառի մաշվածություն, հոդերի նախկին վնասվածքներ, ավելորդ քաշ, ժառանգական նախատրամադրվածություն, ինչպես նաև երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածություն։

Չնայած հիվանդությունը պրոգրեսիվող է, բժիշկ Սեյրանյանը նշեց, որ հնարավոր է կանխել բարդությունները և դանդաղեցնել դրա ընթացքը։ Դրա համար կարևոր է պահպանել ֆիզիկական ակտիվությունը՝ քայլել, ձգողական վարժություններ կատարել, կամ զբաղվել լողով՝ հոդերը շարժուն պահելու համար։ Նա խորհուրդ տվեց խուսափել երկարատև նստակյաց կյանքից, սնվել բալանսավորված՝ ներառելով բանջարեղեն, միրգ, օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սնունդ և կալցիում։ Առողջ քաշի պահպանումը նվազեցնում է ծանրաբեռնվածությունը ծնկների և ազդրերի վրա, իսկ առօրյա կյանքում հոդերը պաշտպանող սովորույթները էականորեն բարելավում են կյանքի որակը։

Հանդիպումը շահառուներին տվեց ոչ միայն օգտակար գիտելիքներ, այլև ինքնավստահություն ու ոգեշնչում։ Նրանք հնարավորություն ունեցան հարցեր տալու, սեփական փորձը կիսելու և զգալու ոչ միայն բժշկի, այլեւ բոլոր մյուս մասնակիցների աջակցությունը։

Ուսուցողական մասից հետո հանդիպումը վերածվեց հյուրասիրության տոնի։ Շահառուները միասին պատրաստեցին ավանդական հունական աղցան՝ գունեղ, թարմ և լի վիտամիններով ու առողջ ճարպերով, որոնք օգտակար են ինչպես հոդերի, այնպես էլ սիրտանոթային հիվանդությունների համար։ Աղցանի համտեսը դարձավ օրվա հաճելի լրացում, որը երկարացրեց միասին լինելու ցանկալի պահը, իսկ մեր երիտասարդ կամավորուհու՝ ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Կասյանի պատրաստած բուրավետ թեյը լրացրեց հավաքի ջերմ մթնոլորտը։ Նրա հոգատար վերաբերմունքը և աշխույժ ներկայությունը սերունդների միջև ստեղծեց յուրահատուկ կապ՝ լցնելով սենյակը ուրախությամբ եւ ծիծաղով:

Այսպիսով, հանդիպումը դարձավ ոչ միայն առողջ ապրելակերպի դասընթաց, այլև համայնքային համախմբման, գիտելիքի ու ուրախության տոն։ Այն հիշեցրեց, որ առողջ լինելը ոչ միայն հիվանդության կառավարման, այլև ակտիվության, առողջ սննդի և համատեղ ուրախության մասին է։ «Հանգանակ»-ը շարունակելու է իր առաքելությունը՝ տարեցներին տալով գիտելիք, հմտություն և մարդկային ջերմություն՝ ապահովելու նրանց առողջ, երջանիկ և լիարժեք կյանքը։