«Հանգանակ» ՀԿ-ն շարունակում է իր Առողջ կենսակերպ դասընթացների շարքը: Եւս մեկ հետաքրքիր և ուսանելի հանդիպում տեղի ունեցավ՝ այս անգամ նվիրված օստեոպորոզի թեմային։ Ինչպես միշտ, թեման ընտրվել էր մեր շահառուների կողմից՝ արտացոլելով նրանց իրական կարիքներն ու մտահոգությունները։
Դասընթացը վարեց դոկտոր Լիլյա Սեյրանյանը, որը ներկայացրեց օստեոպորոզի վերաբերյալ համապարփակ դասախոսություն։ Նա բացատրեց, որ օստեոպորոզը պրոգրեսիվող ոսկրային հիվանդություն է, որն արտահայտվում է ոսկրային խտության նվազումով եւ հետեւաբար ոսկրերի որակի անկումով։ Արդյունքում ոսկորները դառնում են փխրուն և ունենում են կոտրվելու բարձր հավանականություն: Ամենահաճախ հանդիպող կոտրվածքները լինում են ազդրոսկրի, ողնաշարի և դաստակի շրջանում։
Դոկտոր Սեյրանյանը շեշտեց հիմնական ռիսկի գործոնները․ տարիքային փոփոխություններ, հորմոնալ խանգարումներ (հատկապես կանանց մոտ դաշտանադադարից հետո), կալցիումի և վիտամին D-ի անբավարար ընդունում, նստակյաց կենսակերպ, ծխախոտի օգտագործում, ինչպես նաև որոշ քրոնիկ հիվանդություններ։ Նա նաև ընդգծեց վաղ ախտորոշման կարևորությունը՝ ներկայացնելով ժամանակակից մեթոդներ, մասնավորապես ոսկրային խտության չափումը (DEXA թեստ), որը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունը և կանխել բարդությունները։
Մասնակիցները ակտիվորեն հարցեր ուղղեցին բժշկին՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով թեմայի հանդեպ։ Դոկտոր Սեյրանյանը խոսեց ինչպես ավանդական բուժման միջոցների մասին՝ կալցիումի և վիտամին D-ի հավելումներ, ոսկրային հյուսվածքը ամրացնող դեղորայք, հորմոնալ թերապիա, այնպես էլ ներկայացրեց նոր մոտեցումներ, որոնք ընդգծում են կենսակերպի փոփոխության, ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի դերը։
Կրթական մասից հետո մասնակիցները մասնակցեցին վարժությունների՝ Անուշ Շեքյանի ղեկավարությամբ։ Նա ներկայացրեց պարզ, բայց արդյունավետ վարժություններ, որոնք նպաստում են հավասարակշռության, կեցվածքի և մկանային ուժի բարելավմանը՝ կանխելով ընկնելու և կոտրվածքների ռիսկը տարեցների մոտ։
Միջոցառման ավարտին շահառուների նախաձեռնությամբ՝ մեր շնորհալի շահառու տիկին Ա-ի ղեկավարությամբ, պատրաստվեց համեղ մրգային կուտապ /պիրոգ/, որը բոլորը միասին վայելեցին արցախյան ուրցով թեյի հետ։ Այս ջերմ ու ընկերական պահը կրկին ցույց տվեց այն համայնքային ոգին, որն առանձնահատուկ է դարձնում մեր միջոցառումները։
Այս դասընթացի միջոցով «Հանգանակ»-ը ևս մեկ անգամ վերահաստատեց իր նվիրվածությունը կրթության, կանխարգելման և ակտիվ մասնակցության խթանմանը, օգնելով մեր շահառուներին գործնական քայլեր ձեռնարկել՝ առողջ և լիարժեք կյանք վարելու համար։

