AWWA-ANRC/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի ամենամսյա հանդիպմանը քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի ամենամսյա հանդիպումը տեղի ունեցավ մարտի 18-ին: Հանդիպումը սկսվեց Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից իրականացված դասընթացի վերլուծությամբ եւ վերջացավ Ավրորա հիմնադրամի դրամաշնորհի քննարկումով:

Քովիդի հետ կապված իրավիճակի մասին խոսվեց՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Հաշվի առնելով աշխարհում դիտարկվող նոր ալիքի իրողությունը, չի կարելի հանգիստ վերաբերել Հայաստանում վերջին շրջանում արձանագրվող կովիդային դեպքերի նվազմանը: Այն կարող է լինել շատ խաբուսիկ եւ ցանկացած ժամանակ իրավիճակը կարող է փոխվել: Մասնավորապես, ՀԿԲՄ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ  Մարգարետ Քիլաջյանը ներկայացրեց Երեւանում, նույնիսկ բժշկական հիմնարկներում, որտեղ նա եղել է, դիմակային ռիժիմի անթույլատրելի թուլացումը: Գրեթե ոչ ոք դիմակ չէր կրում: Այս երեւույթը չի կարող չանդրադառնալ էպիդեմիոլոգիական իրավիճակի վատթարացմանը:

Գազի մատակարարումը դեռ չի վերականգնվել Արցախում, սակայն պաշտոնապես հայտարարել են, որ մոտ ժամանակներս այն կլինի: Եղանակը մնում է ցուրտ եւ ձյուն է տեղում անընդհատ:

Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից իրականացված դասընթացի մասին խոսելիս ասվեց, որ այն կազմվել է «Հանգանակ» ՀԿ-ի անձնակազմի կարիքներին համապատասխան առանձնահատուկ մշակված կրթական ծրագրով: Ունենալով տարիների մասնագիտական եւ մանկավարժական փորձ, առաջնորդվելով Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից մշակված «Խնամողի դպրոցի» կրթական ծրագրով, դասախոսները լավագույնս կարողացան ներկայացնել գերիատրիայի հիմունքները լսարանին: Տեսական գիտելիքների հետ միաժամանակ մատուցվեց նաեւ գործնական հմտություններ, որոնք կենսական կարեւորություն ունեն կազմակերպության ամենօրյա աշխատանքում: Նպատակը գերիատրիայի և գերոնտոլոգիայի մասին իրազեկումն էր, այդ ոլորտներում տարեցների հետ առնչվող մասնագետների հատուկ հմտությունների ու գիտելիքների զարգացումը։ Ընդհանուր առմամբ 15 ակադեմիական ժամ տեւողությամբ դասընթացը կարողացավ հասնել առաջադրված նպատակին: Կատարված նախաթեստի եւ հետթեստի արդյունքում գրանցվեց գիտելիքների ավելի քան 2.5 անգամ բարելավում: Իսկ իրենց համար դասընթացի օգտակարությունը գնահատելիս, մասնակիցները 10 բալանի համակարգով գնահատել են 10 միավոր։

Բացի դասընթացի բուն նպատակից, մեկ այլ կաեւոր հարց էր գերիատրիկ կաբինետի հիմնման ծրագրի հետ առնչվելը, որը ներկայումս իրականացնում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան: Հանգանակում այս ծրագրի ներդրումը կլինի շատ տեղին եւ օրակարգային: Հաշվի առնելով, որ կազմակերպության հիմնադրման պահից գործում է Տարեցների բժշկական կենտրոնը, ուստի մեծ դժվարություն չի լինի այն վերակազմավորել գերիատրիկ կաբինետի: Դա ենթադրում է ոչ միայն գերիատրիկ համախտանիշների ախտորոշման եւ վարման ուղեցույցներ, սքրինինգային պլանային հետազոտություններ,  այլեւ մշակված հաշվետվության ձեւեր եւ տվյալների բազային հիմնում: Դա կտա շահառուների մոտ հիվանդությունների վերահսկողության եւ բարդությունների կանխարգելման հնարավորություն:

2022 թվականի բյուջեի հետ կապված այլեւս հարցեր չկային: Այն միաձայն ընդունվեց:

Ավրորա հիմնադրամի կողմից ստացված դրամաշնորհի կապակցությամբ ասվեց, որ հնարավոր է մի քանի տարբերակ, որի վրա պետք է աշխատել: Հնարավոր է ջեռուցման փոխհատուցումը եւս ընդգրկվի շրջանների ծրագրում: Մարտակերտ, Մարտունի, ինչպես նաեւ Ասկերանի ծրագրերը կարող են ընդգրկվել Ավրորայի դրամաշնորհային ծրագրում: Այն պետք է առանձին քննարկվի մոտ օրերս:

Վերջում քննարկվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր: