Հանգանակը նորից Լոռիում է

Հանգանակի թիմը կրկին ուղեւորվեց Լոռի՝ իր հետ տանելով ոչ միայն պարենամթերք եւ բժշկական աջակցություն, այլեւ հոգատարություն ու ջերմություն մեր շահառուների համար։ Այցը հատկապես կարեւոր էր, քանի որ մեր տարեց շահառուներից մեկը շտապ օգնության կարիք ուներ սոցիալական խնդրի լուծման հարցում․ անհրաժեշտ էր հաստատել նրա քաղաքացիության կարգավիճակը՝ հնարավորություն ստանալու օգտվելու պետության կողմից տրամադրվող անվճար ծառայություններից։ Այս դեպքը երկար ժամանակ Հանգանակի սոցիալական աշխատողների ուշադրության կենտրոնում էր եւ պահանջում էր հետեւողական, համառ ու համբերատար աշխատանք։ Այժմ  գործը ընթացքի մեջ է, եւ մենք լիահույս ենք, որ շուտով կհասնենք խնդրի հաղթահարմանը՝ շահառուի կյանքում բերելով կայունություն ու սոցիալական բեռի թեթեւացում։

Լոռու մարզի մեր այցելությունները լի էին իմաստով ու ջերմ պահերով։ Շահառուներին տրամադրվեցին պարենամթերքի փաթեթներ, իրականացվեցին բժշկական ստուգումներ՝ յուրաքանչյուրին փոխանցելով հոգատարության ու ապահովվածության զգացում։

Սկսած Արջուտից մինչեւ Վանաձոր, մեր ուղեւորության վերջին կանգառը եղավ տիկին Իսկուհու հյուրընկալ բնակարանը։ Ինչպես միշտ, նրա տունը դարձավ Հանգանակի ընտանիքի շահառուների հավաքատեղի։

«Յուրաքանչյուր անգամ մեծ ուրախությամբ եմ սպասում ձեր այցին․ դա նոր հնարավորություն է՝ Հանգանակի ընտանիքը մեկտեղելու։ Մեզ համար սա իսկական տոն է։ Իմ տան դռները միշտ բաց են Հանգանակի անձնակազմի եւ շահառուների առաջ»,- ջերմ ժպիտով ասում է տիկին Իսկուհին։ -«Իսկ իմ սեղանը միշտ առատ սպասում է բոլորիդ»։

Այդպիսի պահերը հիշեցնում են մեզ, որ մեր աշխատանքը միայն սնունդ կամ բուժօգնություն չէ․ այն պատկանելիության, արժանապատվության եւ մարդկային կապերի մասին է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր Լոռու այցի ֆոտոշարքում։

206_5
206_7
206_3
206_9
206_8
206_16

Հետեւեք մեզ եւ տեղեկացված եղեք Հանգանակի նորություններին։