Սեպտեմբերի 26-ին «Հանգանակ»-ի չորս շահառուները՝ ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանի հետ միասին, ներկա գտնվեցին երևանյան Latitude Art Space-ում տեղի ունեցող՝ «Նրանք ասում են՝ պիտի հեռանաք» խորը զգացմունքային վավերագրական ինստալյացիայի պրեմիերային։ Նրանց համար սա պարզապես մշակութային իրադարձություն չէր, այլ՝ հիշողության, ճանաչման և իրենց ապրած ցավի վերապրելու եւ կիսվելու պահ։

Ինստալյացիայի հեղինակն է շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմանը, արտադրությունը՝ Point de Vue (Շվեյցարիա)։ Այն Արցախից 2023թ. սեպտեմբերին բռնի տեղահանված 120․000 հայերի ձայնն է։ Կենտրոնում 120 կանանց վկայություններն են՝ հիշողությունների, կորուստների ու սիրո դրսեւորումներով։ Այդ պատմությունների շարքում իրենց ձայնն են բերել նաև «Հանգանակի» հինգ կանայք, որոնց անձնական փորձառությունները դարձան այս հավաքական պատումի մի մաս։
Մեր շահառուների համար ֆիլմում իրենց և իրենց հայրենակիցների պատմությունները տեսնելը խորը զգացմունքային փորձառություն էր։ Նրանք նկարագրեցին ինստալյացիան որպես «պատմություն, որը ասված է ազնվությամբ ու կարեկցանքով, պատմություն, որ պատկանում է մեզ բոլորիս»։ Ֆիլմը նրանց համար ոչ միայն իրենց ապրումների արտացոլանքն էր, այլև հարգանքի տուրք՝ ժողովրդի տոկունությանը։
Դիտումից հետո նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու ռեժիսոր Վարսի Բուխմանին և նրա օգնական Մարիաննային։ Ջերմ ու անկեղծ զրույցը կամուրջ դարձավ անձնական ապրումների և ստեղծագործական արտահայտության միջև՝ ընդգծելով, որ արվեստը կարող է աշխարհին լսելի դարձնել Արցախի լռեցված ձայները։
«Հանգանակի» թիմի համար մեծ պատիվ էր այս ֆիլմի եւ պրեմիերայի մասը լինելը և մեր շահառուների պատմությունները ներկայացնելը՝ միահյուսված այս բացառիկ ստեղծագործության մեջ։

