Կարճատեւ արձակուրդից հետո վերսկսվեցին հոգեբանական թերապիայի պարապմունքները: Հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը մասնակիցների համար պատրաստել էր հերթական ոգեշնչող առաջադրանքը, որով պիտի եզրափակվի Արցախի քարտեզի վերարտադրման երկարատեւ գործընթացը: Մասնակիցները նախ կիսվեցին իրենց ապրումներով եւ զգացմունքներով՝ կապված Արցախի քարտեզի վերարտադրման իրենց փորձառության հետ, այնուհետեւ յուրաքանչյուրը թղթի վրա գրեց իր մտքերը եւ հույզերը:
Այդ թղթի կտորները պետք է դառնան իրենց ձեռքերով ստեղծած քարտեզի ետնապատկերը: Լսարանում լռություն էր տիրում, միայն լսվում էին գրիչների շարժումները թղթի վրա, որոնցով դողդողացող ձեռքերով գրվում էր մեծ ցավի, կարոտի, հույսի եւ անկոտրում հավատի ճիչը:
«Նայում եմ Արցախի քարտեզին եւ 1000 ու մի հիշողություն է ծագում իմ մտքում: Բառերով չես արտահայտի զգացածս: Մտքով, սրտով, հոգով ես այնտեղ եմ: Ուզում եմ իմ երազանքը իրականություն դառնա եւ ես վերադառնամ իմ հայրենի օջախը… Առաջ Աստված,_ գրում է մասնակիցներից մեկը:
Դա շատ խորը զգացմունքային պահ էր, որի խորհուրդը դեռ երկար կմնա մեր շահառուների սրտերում: Այնուհետեւ համատեղ ուժերով այդ թղթի պատառիկները ամրացվեցին քարտեզի վրա:
Հոգեբանական թերապիայի հերթական պարապմունքի մանրամասները դիտեք ֆոտոշարքում:
Հետեւեք մեր թարմացումներին եւ եղեք տեղեկացված Հանգանակի մարդասիրական առաքելությանը:

