Հոկտեմբեր ամսվա պարենամթերքի բաշխումը Հանգանակում մոտենում է ավարտին՝ ամփոփելով հերթական ամիսը՝ լի նվիրումով, հոգատարությամբ և սիրով մեր շահառուների հանդեպ։
Մեր բուժքույրերի և սոցիալական սպասարկողի նվիրվածությունը այս գործընթացը դարձնում է իսկապես առանձնահատուկ․ նրանք ոչ միայն հասցնում են պարենամթերքի փաթեթները, այլ նաև ջերմություն, ուշադրություն և մասնագիտական խնամք են տանում յուրաքանչյուր տուն։ Այցի ընթացքում նրանք կատարում են բժշկական քննություններ՝ ստուգում են զարկերակային արյան ճնշումը, պուլսը, գլյուկոզայի մակարդակը, թթվածնի հագեցվածությունը, զրուցում են, լսում շահառուներին և ցուցաբերում հոգեբանական աջակցություն։
Մեր թիմի անդամները մեծ պատասխանատվությամբ և սիրով են սպասարկում իրենց կցված շահառուներին՝ Երեւանում եւ մարզերում․
- Մարսելա Սարգսյան՝ Արարատի մարզ
- Անուշ Շեկյան՝ Կոտայքի մարզ
- Թաթուլ Շեկյան՝ Արմավիրի մարզ
- Ռեբեկա Հակոբյան և Ելիզավետա Սարգսյան՝ Երևան
- Էսմիրա Գասպարյան՝ Երեւան — սոցիալական սպասարկող, որը կատարում է տնային խնամք և պարենամթերքի մատակարարում 25 անկողնային շահառուների՝ ապահովելով մշտական հոգատարություն, ուշադրություն և ջերմություն։
Միևնույն ժամանակ, որոշ շահառուներ նախընտրում են անձամբ գալ Հանգանակի գրասենյակ՝ ստանալու իրենց պարենամթերքի փաթեթը։ Այս այցելությունները միշտ լի են ջերմությամբ, հաճելի զրույցներով և մտերմիկ պահերով։ Նրանք ուրախ են հանդիպելու Լինային և թիմի մյուս անդամներին, կիսվելու իրենց նորություններով և միասին վայելելու մի բաժակ թեյ կամ սուրճ։ Շատերի համար դա պարզապես այցելություն չէ՝ դա մերձեցման և միասնության թանկարժեք պահ է։
Ամբողջ գործընթացը համակարգում և վերահսկում է ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը, ով ապահովում է, որ բոլոր ծառայությունները մատուցվեն բարձր մակարդակով և անսահման հոգատարությամբ։
Պարենամթերքի տրամադրումը մնում է Հանգանակի տարեցների ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը։ Շատ շահառուների համար դա պարզապես սնունդ չէ՝ դա հիշեցում է, որ իրենց մասին հոգում են, որ նրանք կարևոր են և գնահատված։
Այս կարևոր ծրագիրն իրականացվում է Հայ Կանանց Բարեկեցության Միության (AWWA) շարունակական աջակցության շնորհիվ: Այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել մեր կարեւոր առաքելությունը: Պարենամթերքի տրամադրմանը աջակցում է նաև Մարտիկ հիմնադրամը, որը ամեն ամիս մեր շահառուներին նվիրում է չորացրած մրգեր և քաղցրավենիք՝ ավելացնելով բարության և քաղցրության մի նոր երանգ մեր շահառուների առօրյային։
Միասին մենք ապահովում ենք, որ խնամքը հասնի յուրաքանչյուր տուն, սիրտ և սեղան։

