Ժասմեն Մ.

Ժասմենը ծնվել է 1954 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում՝ մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Ալեքսանը, ստացել էր ժամանակի հնարավոր լավագույն կրթությունը եւ, Բաքվի մանկավարժական ինստիտուտն ավարտելով, ստացել էր միանգամից երեք մասնագիտություն՝ քիմիա, պատմություն եւ աշխարհագրություն: Նա, վերադառնալով հայրենի գյուղ, իր ստացած գիտելիքները փոխանցում էր գյուղի երեխաներին եւ երկար տարիներ գյուղի դպրոցի տնօրենն էր: Ընտանիքում մեծանում էին 4 երեխա, որոնք բոլորն էլ սեր ունեին գիտության եւ սովորելու նկատմամբ: Ժասմենը ընտանիքի կրտսեր դուստրն էր, որին բոլորը սիրում եւ երես էին տալիս: Սակայն դրանից Ժասմենը ավելի էր պարտավորվում՝ աշխատասեր էր, դպրոցում լավ էր սովորում եւ օգնում էր ծնողներին եւ ավագ քույրերին:

1966 թվականին այդ առողջ եւ բարեկեցիկ ընտանիքին դժբախտություն է պատահում: Ժասմենի ավագ քույրը, որը 8-րդ դասարանի աշակերտ էր, ստանում է հոգեբանական խորը տրավմա, որից նա այդպես էլ չի վերականգնվում: Այդ գեղեցիկ եւ կենսուրախ աղջնակը պարփակվում է իր երեւակայական աշխարհում եւ այլեւս չի ուզում վերադառնալ իրականությանը: Մայրը ազատվում է աշխատանքից եւ իր կյանքը նվիրում հիվանդ դստերը: Այդպես այդ գեղեցիկ ընտանիքի կյանքը բաժանվում է մինչեւ-ի եւ հետո-ի…

Ժասմենը ստանում է հրաշալի կրթություն՝ իր ուժերով մեկնում է Երեւան, ստանում թեթեւ արդյունաբերության ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն, հետո շարունակում է կրթությունը Լենինականում՝ մասնագիտանալով տեքստիլի եւ տրիկոտաժի արդյունաբերությունում: Նա վերադառնում է Ստեփանակերտ եւ իր մասնագիտական գործունեությունը՝ գրեթե 20 տարի, դրսեւորում Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ որպես տրիկոտաժի արտադրության բաժնի կառավարիչ: Սակայն 2003 թվականին մահանում է մայրը, որը հիվանդ քրոջ միակ խնամակալն էր: Եվ Ժասմենը ստիպված վերադառնում է գյուղ՝ հոգ տանելու հիվանդ քրոջը:

Այսպիսով, 2004 թվականից Ժասմենը տեղափոխվում է հայրենի գյուղ: Այդտեղ նա միաժամանակ սկսում է աշխատել որպես մանկավարժ գյուղի 8-ամյա դպրոցում, կարողանում է կազմակերպել ավագ քրոջ խնամքը եւ մշակել հսկայական այգին եւ բանջարանոցը:

Ժասմենը այդպես էլ սեփական ընտանիք եւ երեխաներ չի ունենում՝ նա իր կյանքը ամբողջությամբ նվիրում է աշխատանքին եւ հիվանդ քրոջը:

Մենք նրան գտանք 2021 թվականին՝ Ստեփանակերտի նախկին տուն-ինտերնատում տեղակայված սոցիալական կացարանի մի համեստ սենյակում՝ հիվանդ քրոջ հետ: Այդտեղ տեղավորվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հադրութի եւ Մարտունու շրջաններից բռնի տեղահանված անօթեւան մարդիկ:

Ժասմենը կորցրել էր ամեն ինչ, նա միայն կարողացել էր հիվանդ քրոջ հետ ոտքով հրաշքով դուրս գալ ազերիների շրջափակումից: Մենք նրանից ոչ մի գանգատի կամ դժգոհության խոսք այդպես էլ չլսեցինք: Հենց առաջին հանդիպումից մենք հասկացանք նրա տոկունությունը եւ պողպատյա կամքի ուժը, միաժամանակ անսահման սերը կյանքի եւ մարդկանց նկատմամբ, եւ անչափ սիրեցինք նրան:

Ստեփանակերտում նա հիմնականում ինքն էր այցելում Հանգանակի գրասենյակ՝ պարենամթերք, անհրաժեշտ դեղանյութեր եւ քրոջ համար տակդիրներ ստանալու: Սակայն ավելի հաճախ նա մեզ այցելում էր ուղղակի խոսելու, հողորդակցվելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Շրջափակման ժամանակ նա պարտաճանաչ այցելում էր մեզ եւ փորձում օգտակար լինել: Եւ Հանգանակի աշխատակիցները անհանգստանում էին, եթե մի քանի օր Ժասմենը չէր երեւում, այնքան էինք նրա հետ կապվել: Իսկ նա կապվել էր մեզ հետ՝ առանձնապես Լինայի:

2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո Ժասմենը իր հիվանդ քրոջ հետ հայտնվում է Շիրակի մարզի մի հեռավոր գյուղում: Մենք նրան հեշտ ենք գտնում, քանի որ միշտ կապի մեջ էր: Նա հայտնում է, որ պետք է տեղափոխվեն Լոռու մարզ, որտեղ իր բարեկամները ունեն ամառանոց: Հայաստանում մենք նրան հանդիպեցինք արդեն Լոռու մարզի Արջուտ գյուղում:

Ամառանոցը, որը պարզվեց մի խղճուկ տնակ էր, կարիք ուներ կապիտալ վերանորոգման, սակայն տիկին Ժասմենը գոհ էր, որ ունեն մեծ այգի: Նա մշակում է այգին, բանջարեղեն եւ հատապտուղներ է աճեցնում: Ասում է, որ սննդի համար գրեթե փող չեն ծախսում, ամեն ինչ սեփական այգուց է ստանում, իսկ ավելացածը, ասաց՝ վաճառում է:

Երբ մենք առաջին անգամ այցելեցինք տիկին Ժասմենին, կարկուտը ավիրել էր իր բանջարանոցը, սակայն նա չէր հուսահատվել, նորից էր ամեն ինչ ցանել եւ արդեն բերք էր ստանում: Երբ փորձեցինք որոշել տիկին Ժասմենի արյան գլուկոզայի մակարդակը, նուրբ ասեղը նրա կոշտացած մատը չկարողացավ ծակել, ստիպված ասեղը փոխեցինք: Գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում էր, որում ի սկզբանե տիկին Ժասմենը համոզված էր:

Շատ տպավորված էինք նախկին թեթեւ արդյունաբերության ինժեներ-տեխնոլոգի, տրիկոտաժի արտադրության բաժնի կառավարչի, հետո նաեւ մանկավարժի, իսկ հիմա փայլուն այգեգործ դարձած աննկուն տիկին Ժասմենի կամքի ուժով եւ անմնացորդ նվիրվածությամբ:

Տիկին Ժասմենը իր քրոջ հետ Հանգանակի շահառուներն են: Նրանք ստանում են պարենամթերք, հիգիենայի պարագաներ եւ տակդիրներ: Տիկին Ժասմենը ասում է, որ նրանց պարենամթերքը բավարարում է ամբողջ ամիս, սակայն առանձնահատուկ շնորհակալ է տակդիրների համար՝ առանձ որի նա չէր կարողանա կազմակերպել հիվանդ քրոջ համապատասխան խնամքը: Տիկին Ժասմենը անչափ երեխտապարտ է Տարեցների ծրագրի հովանավորներին եւ Հանգանակի աշխատակիցներին, քանի որ նրանց արժանապատիվ կացությունը մեծապես կախված է մեր կողմից տրամադրվող ծառայություններից:

Հետեւեք մեր կայքին եւ ծանոթացեք մեր շահառուների կյանքի պատմություններին, որոնք տոկունության, կյանքի հորձանուտներում կոփված կամքի ուժի, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո եւ վերադարձի անկոտրուն հավատի պատմություններ են: