Վերջերս Հանգանակը իր շահառուների համար կազմակերպեց հատուկ մշակութային միջոցառում՝ հնարավորություն ընձեռնելով նրանց մասնակցելու արցախյան թատերական ներկայացման։ Այս հանդիպումը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև խորապես զգացմունքային և հիշողություններով լի պահ մեր համայնքի համար։
Ներկայացումը իրականացնում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը, որը այսօր իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է Հայաստանում՝ պահպանելով և ներկայացնելով Արցախի թատերական հարուստ ավանդույթները։ Հիմնադրված դեռևս 1932 թվականին՝ թատրոնը երկար տարիներ եղել է Արցախի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ ձևավորելով բեմարվեստի հարուստ ավանդույթներ և արվեստագետների սերունդներ։
Ներկայացումը առանձնահատուկ էր նաև նրանով, որ այն ներկայացված էր արցախյան բարբառով՝ այն հարազատ լեզվով, որը մեր շահառուների համար կրում է տունը հիշեցնող ջերմություն և մտերմություն։ Շատերի համար դա մի պահ էր, երբ կրկին կարելի էր զգալ հայրենի մշակույթի կենդանի շունչը՝ ծանոթ խոսքի, հումորի և պատմությունների միջոցով։
Լավատեսությամբ և ջերմությամբ լի ներկայացումը խորապես տպավորեց հանդիսատեսին։ Այն ոչ միայն ժպիտներ ու հուզմունք բերեց ներկաներին, այլև հիշեցրեց, թե որքան կարևոր դեր ունի մշակույթը հիշողության պահպանման, ինքնության պահպանման և համայնքային միասնականության ամրապնդման գործում։

Շահառուները մեծ երախտագիտությամբ էին խոոում Հանգանակի այս հիանալի նախաձեռնության մասին՝ նշելով, որ նման միջոցառումները նրանց հնարավորություն են տալիս ոչ միայն վայելելու արվեստը, այլև վերապրելու այն մշակութային միջավայրը, որը ձևավորել է իրենց կյանքը և հիշողությունները։
Հանգանակի համար մշակութային կյանքը համայնքի վերականգնման և հոգեբանական աջակցության կարևոր բաղադրիչ է։ Նման հանդիպումները օգնում են մարդկանց պահպանել իրենց մշակութային ինքնությունը, կիսել հիշողությունները և միասին կառուցել նոր հույսով լի առօրյա։

