Zoom հարթակում կազմակերպվող դասընթացները Հանգանակի բուժանձնակազմի համար վերսկսվել են

Հասկանալի պատճառներով երկարատեւ դադարից հետո, Հանգանակի բուժանձնակազմի խնդրանքով Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու դր. Նենսի Բարսամյանը կազմակերպեց 2024 թվականի առաջին հանդիպումը Zoom հարթակում: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ դր. Արմինե Միրզաբեկյանը, որը առաջնային բուժօգնության օղակում աշխատում է որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ եւ առանձնահատուկ մասնագիտացել է հիպերտոնիկ հիվանդության կառավարման ոլորտում: Նա նաեւ դասախոսում է Ումաս Չան բժշկական քոլեջի ուսանողներին:

Նենսի Բարսամյանի առաջարկով նախ Հանգանակի անձնակազմը ներկայացավ, յուրաքանչյուրը պատմելով իր մասնագիտության եւ աշխատանքային փորձի, մասնավորապես Հանգանակում կատարած իր աշխատանքի եւ դերի մասին:

Հակիրճ ներկայացնելով Հանգանակի գործունեությունը սկսած բռնի տեղահանումից մինեւ այսօր, Գոհար Հովհաննիսյանը խնդրեց բուժքույրերին ներկայացնեն իրենց կատարած աշխատանքը, շահառուների հետ կապված խնդիրները եւ այն խնդիրները, որոնք ծագում են իրենց գործունեության ընթացքում:

Ուշադիր լսելով բուժքույրերին, Նենսի Բարսամյանը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը եւ հետաքրքրվեց այն հիմնական առողջական խնդիրներով, որոնք ավելի հաճախ են հանդիպում շահառուների մոտ: Առանձնահատուկ քննարկվեց հիպերտոնիկ հիվանդության հաճախականության եւ նրա կառավարման արդյունավետության հարցը: Խոսվեց նաեւ դիաբետիկ հիվանդների մասին, մասնավորապես 2 ինսուլինակախյալ հիվանդների մասին, որոնք դժվարանում են գտնել իրենց անհրաժեշտ ինսուլինը: Պարզվեց, որ պոլիկլինիկաները հիմնականում տրամադրում են հակադիաբետիկ դեղանյութեր, սակայն որոշ դեպքերում նրանք հասանելի չեն լինում հիվանդներին: Հանգանակը հնարավորինս փորձում է տրամադրել անհարժեշտ դեղանյութերը, սակայն վերջիններից ոչ բոլորը եւ ոչ միշտ են լինում առկա դեղատներում: Բացի դրանից, պետք է ունենալ գրասենյակ, որտեղ առկա լինեն անհրաժեշտ պայմաններ՝ դեղանյութերի պահպանման համար:

Քննարկվեցին նաեւ այլ հարցեր կապված շահառուների հոգեբանական խնդիրների եւ սոցիալական ակտիվության հետ: Որոշվեց, որ հաջորդ հանդիպումը կլինի նվիրված հիպերտոնիկ հիվանդության կառավարմանը եւ կքննարկվեն մի քանի կլինիկական դեպքեր: Դոկտոր Արմինե Միրզաբեկյանը սիրով խոստացավ միանալ այդ քննարկմանը եւս:

Միացեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: