Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանը առողջ ապրելակերպի մասին անհատական խորհրդատվություն իրականացնում է մեր շահառուների հետ մշտապես՝ ինչպես գրասենյակում, այնպես էլ տնային այցերի ժամանակ։ Սակայն խմբային պարապմունքներ, որոնք պարբերաբար իրականացնում էինք Արցախում, Երեւանում առաջին անգամ ենք անցկացնում։
Որպեսզի դասընթացը լինի հետաքրքիր եւ ինտերակտիվ, որոշեցինք այն բաժանել երեք մասի՝
✔ Ուսումնական մաս. Փորձառու բժիշկ Լիլյա Սեյրանյանը մասնակիցներին պատմեց արյան բարձր ճնշման մասին՝ նրա առաջացման պատճառները, ռիսկերը և կառավարման գործնական մեթոդները:
✔ Թեթև մարզումներ. Անուշ Շեքյանը մասնագիտությամբ լինելով ֆիզիոթերապիստ, մասնակիցների հետ կատարեց պարզ վարժություններ՝ արյան շրջանառությունն ակտիվացնելու ու շարժունակությունը բարելավելու համար:
✔ Առողջ սննդի բաղադրատոմս. Մասնակիցները համատեղ ուժերով պատրաստեցին եւ միասին վայելեցին ամենասննդարար աղցաններից մեկը՝ կաղամբով եւ գազարով աղցանը, որը առողջ ու համեղ ճաշատեսակ է, ապացուցելով, որ առողջ սնունդը կարող է լինել նաև համեղ:
Մեր շահառուները ոչ միայն ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ, այլև ստացան ուրախության պահեր՝ միասին լինելով ակտիվ և համտեսելով առողջ սնունդը:
Ինչու՞ է դա կարևոր.
Տեղահանումից հետո շատ տարեցներ բախվում են առողջական խնդիրների: Այս դասերի միջոցով մենք նրանց տալիս ենք գործնական գիտելիքներ` իրենց առողջությունը պահպանելու եւ կյանքի որակը բարելավելու համար:
Հաջորդ պարապմունքի թեման եւ առողջ սննդի բաղադրատոմսը ընտրեցին մեր շահառուները:
Մեր պարապմունքները տեղի կունենան ամեն երեքշաբթի ժամը 14:00-ին մեր գրասենյակում՝ Արա Սարգսյան 6 հասցեում: Մենք հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ մեր պարապմունքներին՝ մուտքն ազատ է: Հետևեք մեր հաջորդ դասերին եւ միացեք մեզ, որովհետև առողջությունը հարստություն է՝ ցանկացած տարիքում:

