ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ընդունեց «Հանգանակ» ՀԿ պատասխանատուներին

2022-ի ընթացքում Արտակ Բեգլարյանի հետ սա արդեն երրորդ հանդիպումն է՝ չհաշված հեռախոսային զրույցները, որոնց ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնցից ամենակարեւորը եւ առաջնահերթը պետական աջակցության տրամադրումն է 2023 ֆինանսական տարում:

Ըստ պայմանավորվածության, նոյեմբերի 8-ին «Հանգանակ» ՀԿ պաշտոնական նամակ ուղղեց ԼՂՀ կառավարությանը՝ 2023-ին ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով: Նամակին կցված էր 2023 թվականի Տարեցների ծրագիր-առաջարկը եւ կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ հրատարակված հոբելյանական գրքույկը: Կազմակերպությունը հպարտ է իր նվաճումներով եւ առիթը բաց չի թողնում հանրայնացնելու դրանք եւ հայտարարելու Արցախի բնակչությանը, եթե դուք տարեց եք, միայնակ եք եւ կարիք ունեք սոցիալական եւ բժշկական օգնության, «Հանգանակ» ՀԿ դռները միշտ բաց են ձեռ առջեւ.

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության…

Հանդիպման հիմնական թեման պետական աջակցությունն էր: Նշվեց, որ դա առաջին դեպքը չի, երբ հասարակական կազմակերպությունը սկսում է իր գործունեությունը դրամաշնորհների հաշվին, բայց ունենալով բազմամյա հաջողված գործունեություն՝ ստանում է պետական հովանավորություն եւս: Մասնավորապես նշվեց «Ձեռք ձեռքի» կազմակերպության օրինակը: Արտակ Բեգլարյանը ասաց, որ լավ օրինակ է եւ շատ մեծ հավանականությամբ «Հանգանակ» ՀԿ Տարեցների ծրագիրը եւս կստանա պետական աջակցություն՝ որպես բավական մրցակունակ ծրագիր:

«Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը պատմեց ծրագրի վերջին զարգացումների եւ նվաճումների մասի, խոսեց, որ կազմակերպությունը ունի մեծ փորձ տարեցների հիվանդությունների եւ դրանց կանխարգելման եւ բուժման, հետեւաբար եւ հաշմանդամության կանխարգելման գործում, որը ոչ միայն բարելավում է տարեցների կյանքի որակը, այլեւ պետության համար թեթեւացնում է վերջիններիս հետ կապված սոցիալական բեռը: Բարձր գնահատելով Հայ կանանց բարեկեցության միության կողմից կատարված ներդումները բոլոր 18 տարիների ընթացքում, որոնք իրապես փոխել են շահառուների կյանքի որակը, Գոհար Հովհաննիսյանը նշեց, որ, այնուամենայնիվ, պետական աջակցությունը կարեւոր է ծրագրի շարունակականության համար: Հայ կանանց բարեկեցության միությունը՝ Քովիդ-19-ի հետ կապված, վերջին տարիներին ունեցել է ֆինանսական դժվարություններ, որոնց պատճառով այն չի կարող ֆինանսավորել Տարեցների ծրագիրը՝ իր ամբողջ ծավալով: Ուստի կազմակերպությունը փնտրում է ֆինանսավորման այլ աղբյուրներ, որոնցից առաջնահերթը պետական հովանավորությունն է:

Հանդիպման վերջում Արտակ Բեգլարյանը նշեց, որ իր հերթին կփորձի գտնել նաեւ այլ հովանավորներ, որովհետեւ ցանկացած օգնություն կարեւոր է եւ ցանկալի: