Այսօր «Հանգանակ» ՀԿ հյուրն էին Լորա եւ Հերմանն Պուրուտյանները՝ Բոստոնից: Այցելելով Արցախ, նրանք չէին կարող չկատարել Նենսի Բարսամյանի խնդրանքը՝ հանդիպել Հանգանակի աշխատակիցների հետ: Հաճելի եւ սրտառուչ հանդիպում ստացվեց: Նրանք ծանոթացան աշխատակիցների հետ, շրջեցին գրասենյակում, ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը համառոտ պատմեց իրականացվող աշխատանքների մասին: Մեծ հետաքրքրությամբ նրանք թերթեցին «Մի կյանքի պատմություն» խորագրով գիրքը, որը ներկայացնում է Տարեցների ծրագրի շահառուների կյանքի դրամատիկ պատմությունները: Գիրքը տպավորեց նաեւ լուսանկարների առատությամբ:
Որպեսզի հյուրերը պատկերացում կազմեն կատարվող աշխատանքների բնույթի եւ ծավալների մասին, Լինան ներկայացրեց շահառուների անհատական ամբուլատոր բժշկական քարտերը, որտեղ գրանցվում են շահառուի հիվանդության պատմությունը, ախտորոշումը եւ բոլոր այցերն ու նշանակումները, պարենամթերքի և դեղորայքի անհատական թերթիկները, ջեռուցման փոխհատուցման ստացականները, գրասենյակային այցերի, բժշկի կողմից հետազոտված հիվանդների, հեռախոսային զանգերի գրանցամատյանները եւ բուժաշխատղների եւ սոցաշխատողների հաշվետվությունների ձեւերը: Իրականում հյուրերին պատմելու եւ ներկայացնելու շատ բան կար…
Հյուրերը հաճելիորեն զարմացած էին Շուշիից տարհանված շահառու Սլավիկ Պ.-ի այցով: Հետքրքիր զրույց ծավալվեց նրանց միջեւ: Պարզվեց, որ նրանք նույն հյուրանոցում են բնակվում եւ առավոտյան նախաճաշում են իրար հետ նույն սրահում: Սլավիկը պատմեց իր մասին: Հյուրերը ասացին, որ եղել են Գանձասարում, որտեղ հանդիպել են մի ամուսնական զույգի՝ նույնպես տարհանված Շուշից: Սլավիկը ասաց, որ նրանք իր լավ ծանոթներն են: Հյուրերը ասացին, որ մեկ օր եւս կմնան Արցախում:
Հրաժեշտից առաջ նրանք հարցրին, թե ինչ առաջնահերթ խնդիրներ ունեն շահառուները: Եղանակի վատացման հետ ծագում է ջեռուցման խնդիրը, հետեւաբար հյուրերին ասվեց, որ ջեռուցման փոխհատուցման կարիքը արդեն զգացվում է: