Անյա Ա.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին:

Անյան ծնվել է 1950թ. Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է գյուղում, հետո տեղափոխվում է Կիրովաբադ՝ եղբոր ընտանիքին օգնելու համար և միաժամանակ ստանում է միջնակարգ կրթութուն: 1966թ. տեղափոխվում է Ստեփանակերտ, ընդունվում Ստեփանակերտի Գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական բաժինը:

Անյան ամուսնանում է 26 տարեկանում: Ամուսնությունից ունենում է երկու տղա: Սակայն  առաջնեկը մահանում է: Հետո ընտանեկան պայմանների պատճառով վերցնում է երկրորդ երեխային և բաժանվում ամուսնուց:

1982թ. ամուսնանում է երկրորդ անգամ, սակայն, ցավոք սրտի, դժբախտությունները հաջորդում են իրար: Նախ մահանում է ամուսինը, իսկ պատահարի հետևանքով 2012թ. մահանում է նաեւ տղան: Իր որդի Էրիկը այն միակ հենարանն էր, որի հետ Անյան կապում էր իր ապագան: Ներկայումս  ապրում է հարսի ու միակ թոռնիկի հետ:

2013թ. հարեւաններից իմանում է Հանգանակ հասարակական կազմակերպության մասին, անդամագրվում է կոլեկտիվին, որը լիովին փոխում է իր կյանքը:

Անյան պետությունից ստանում է 54.000 ՀՀ դրամ թոշակ, որը դժբախտաբար չի հերիքում: Առանց Հանգանակից ստացած օժանդակության նա կլիներ ծայրահեղ կարիքի մեջ:

Իր առողջական վիճակը համարում է վատ կապված հոդերի ախտահարման հետ: Ունի օստեոպորոզ եւ արթրոզ, որի պատճառով տեղաշարժվում է դժվարությամբ: Դեղերը ձեռք է բերում  հիմնականում Հանգանակի  կողմից:

Անյան ապրում է սեփական տան, որը ջեռուցվում է գլխավորապես փայտով: Հանգանակից ստացած ջեռուցման փոխհատուցումը եւ խնամին օգնում են գնել անհրաժեշտ փայտը: Նա ցանկանում  է թոշակի ավելացում և խաղաղություն Արցախ աշխարհին:

«Հանգանակին շատ-շատ շնորհակալություն: Աստված պահի բոլոր բարերարներին, ովքեր այդքան մեծ ազգանվեր գործ են կատարում: Սա իրոք մեծ օգնություն է ու փրկութուն»,- երախտագիտությամբ ասում է նա: