Բոլորը նրան Սեւո գիտեին, մենք կարծում էինք, թե դա նրա անվան կրճատ ձեւն է, Սվետա, հավանաբար, կամ Սեվիլ, կամ նման մի բան: Բայց պարզվեց, որ ազգանունն էր՝ Սեւյան: Նա մենակ չէր եկել, եկել էր Ռեբեկայի հետ: Ռեբեկան մոտեցավ ինձ եւ կամաց ասաց.
— Միայնակ է, համ էլ արդեն թոշակի է անցել, վաղուց չի աշխատում…
Իհարկե, մենք ճանաչում էինք Սեւոյին, ոչ մի հարց չծագեց: Նա դարձավ մեր շահառուն, ավելի ճիշտ՝ մեր ընտանիքի անդամը:
— Լաուրա,- ասաց,- Սեւյան: Բայց մեզ համար մնաց, ինչպես եւ մինչ այդ, Սեւո…
Գիտեք, թեկուզ արդեն հազվադեպ երեւույթ է, բայց բարի մարդիկ կան եւ հանդիպում են, սակայն Սեւոն բացառիկ բարի անձնավորություն էր: Եվ զարմանալիորեն անհիշաչար: Խոսում էր ինչ-որ մարդկաց մասին, որոնք իր նկատմամբ վատ էին վարվել, բայց խոսում էր այնպես, կարծես դա եղել էր անցյալ կյանքում եւ դա իրեն չէր վերաբերում, անցել էր ու անցել էր, թեկուզ եւ պատահել էր իր հետ:
Եթե նա սիրեց մեկին, ուրեմն իմացեք, սիրում է անմնացորդ նվիրումով: Նա ունեցել է ընկերուհիներ, որոնք այդպես էլ մնացել են իր կյանքում եւ մնում են: Նա եղել է նրանց նվիրված, նվիված իրենց ընտանիքներին, երեխաներին: Նա այնպես էր պատմում այդ երեխաների մասին, ինչպես կպատմեն սեփական զավակների մասին, եւ բոլորը գիտեն, որ Սեւոն նրանց խնամել է, հոգ է տարել, հասել է, երբ իր օգնության կարիքը զգացել են:
Սեւոն սեփական ընտանիք այդպես էլ չունեցավ, բայց շատերի համար եղել է ընտանիքի անդամ եւ իրեն զգացել է այդ ընտանիքների անդամ: Եղել է նվիրված, սիրող, օգնության ձեռք մեկնող: Հետո ինքը զգաց այդ օգնության կարիքը… Զգաց, բայց այլեւս շատ մարդ չէր մնացել նրա կողքին: Բայց կար մեկը, որը նրան ձեռք մեկնեց եւ որի հետ նա կապում էր իր վերջին հույսը:
Սեւոն ուներ առողջական շատ խնդիրներ, բայց ամենից շատ նեղվում էր լսողության թուլությունից: Դա նրան շատ էր նեղում եւ այդ հանգամանքը իրեն մեկուսացրեց մարդկանցից: Լսողության խնդիրը կապված չէր տարիքի հետ. Նա արդեն վաղուց էր զգացել, որ լսողությունը վատանում է, ավելի ճիշտ նա հասկացավ, որ ականջներում խշշոց է, որից նա սկսեց վատ լսել: Գնալով այդ խշշոցը ավելացավ եւ լսողությունն էլ դրա հետ թուլացավ: Պետք է գնար հետազոտության եւ իր ամբողջ հույսը նա կապում էր այդ մարդու հետ: Այդ մարդու անունը տիկին Ռիտա Սարգսյան էր:
Մենք խոսեցինք բարության մասին, ասացինք, որ այն դարձել է հազվադեպ երեւույթ, իսկ մեր պատմությունը հյուսվում է բացառապես բարության վրա: Պատմեցինք Սեւոյի մասին եւ հասանք մեկ այլ բացառիկ բարի մարդու՝ տիկին Ռիտա Սարգսյանին: Զարմանում ես, թե ինչպես նա կարողանում էր ժամանակ գտնել բոլորի համար, եւ այդքան իրեն ձգտող մարդկանց մեջ, նա չէր մոռանում ոչ մեկին: Նա չմոռացավ եւ մեր Սեւոյին: Ժամանակ գտավ եւ հանդիպեց նրա հետ: Ոչ, սխալ ասացի: Տիկին Ռիտան Սեւոյի հետ հանդիպել է շատ անգամներ: Ամեն անգամ, երբ նա Ստեփանակերտ էր գալիս, իսկ նա շատ էր կապված իր հարազատ քաղաքի հետ, Սեւոն որտեղից որտեղ իմանում էր եւ անպայմանորեն հանդիպում փնտրում նրա հետ: Իսկ տիկին Ռիտան երբեք չէր խուսափում նման հանդիպումներից՝ չնայած իր չափազանց ծանրաբեռնված գրաֆիկին:
— Ռիտան ասաց, որ կգնամ Երեւանի ամենալավ մասնագետի մոտ հետազոտվելու,- ասաց, իսկ աչքերը փայլում էին ուրախությունից,- ասաց, ինչ որ պետք է՝ կանեն:
Հետո գնաց, հետազոտվեց, եղավ առաջատար կլինիկաներից մեկի առաջատար մասնագետի մոտ: Կատարեցին բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Դժբախտաբար, Սեւոյի մոտ շատ բարդ հիվանդություն ախտորոշեցին, որ պահանջում էր վիրահատական միջամտություն, իսկ այն Հայաստանում չեն կատարում եւ, ինչպես ասաց մասնագետը, ստատիստիկան շատ հակասական է: Նա բուժում նշանակեց, վստահեցնելով, որ վիճակը կթեթեւանա եւ ինչ-որ չափով լսողությունը կլավանա:
Սեւոն վերադաձավ արդեն հանգստացած: Ասում էր, որ բուժումը օգնում է: Բայց տիկին Ռիտայի հետ շարունակեց իր հանդիպումները: Ամեն անգամ վերադառնալով տիկին Ռիտայի մոտից, նա բոլոր մանրամասներով պատմում էր, թե ինչ հյուրասիրեց կամ նվիրեց, կամ ինչ խոսեցին եւ ում հիշեցին: Նա ուղղակի ապրում էր այդ հազվադեպ հանդիպումներով: Իսկ մի անգամ տիկին Ռիտան կազմակերպեց նրա հանգիստը լավագույն առողջարաններից մեկում: Հետո Սեւոն երկար ժամանակ պատմում էր, թե ինչքան հրաշալի ժամանակ է անցկացրել այդտեղ:
Մենք բոլորս ուրախանում էինք Սեւոի համար, բայց մեզ համար այդպես էլ մնաց առեղծված, թե ինչ կապ կարող են ունենալ այդ երկու կանայք՝ այդքան տարբեր բոլոր առումներով: Սակայն, երբ սկսում ես վերլուծել, ապա շատ ընդհանուր գծեր ես հայտնաբերում: Երկուսն էլ շատ պոզիտիվ էին, կենսուրախ եւ լավատես: Երկուսն էլ սիրում էին կյանքը եւ մարդկանց: Սիրելով կյանքը եւ մարդկանց, նրանք փորձել են օգնել մարդկանց՝ հեշտացնելով կյանքը նրանց համար, իհարկե ամեն մեկը՝ իր չափով: Սակայն այդքան սիրելով կյանքը, նրանք երկուսն էլ շատ շուտ հեռացան՝ թողնելով լուսավոր հետք մեր բոլորիս սրտերում…
Նորից փորձելով հասկանալ երկրի առաջին տիկնոջ եւ սոցիալապես անապահով այս կնոջ կապը, տեսնում ես պարզ մարդկային մի բնութագիր՝ անսահման սեր եւ բարիություն, որ նրանք նկատել են իրար մեջ եւ որը նրանց մտերմացրել է կյանքի հորձանուտում: Սեւոն հեռացավ, այդպես էլ չիմանալով, որ իր այդչափ սիրելի տիկին Ռիտան կունենա այդքան ողբերգական վախճան…