Աշխատանքային խմբի հանդիպումը սկսվեց «Հանգանակ»-ի անձնակազմի շնորհավորանքներով` գերազանց աշխատանքի համար

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները, ինչպես նաեւ Ցոլին Սարյանը, որը արդեն սեպտեմբերի 17-ին պատրաստվում է մեկնել Հայաստան:

Խորհրդակցությունը, ինչպես միշտ վարում էր ՀԿԲՄ/ՀԽՎԿ (AWWA/ANRC) գործադիր տնօրեն Սքոթ Արիելը, որը հանդիպումը սկսեց շնորհավորելով Հանգանակի աշխատակազմին գերազանց աշխատանքի համար: Մասնավորապես նա նշեց, որ շատ տպավորված է Հանգանակի ինտերնետային կայքի աշխատանքով, նկարների եւ նյութերի տեղադրումը կատարվում է շատ օպերատիվ եւ պրոֆեսիոնալ: Նա հումորով ավելացրեց, որ նույնիսկ ՀԿԲՄ կայքը զիջում է Հանգանակի կայքին:

Ինչպես բոլոր վերջին քննարկումների ժամանակ, ջրամատակարարման հարցը առաջնային հրատապ հարցերից մեկն էր: Հանգանակը ջուր չունի արդեն մի քանի օր՝ չորեքշաբթի օրվանից: Քաղաքապետարանը շենքի համար խնդիրը լուծում է ԱԻՎ-ի միջոցով, սակայն հույս են հայտնում, որ մոտակա օրերը այն կկարգավորվի: Ընդհանուր առմամբ, համեմատած նախորդ շաբաթվա հետ, ջրամատակարարումը կարգավորվել է եւ բնակչության գրեթե 80-85% ունի հոսող ջուր:

Վերջին օրերի հաջողություններից մեկը ՀՕՖ-ի եւ Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հետ համագործակցության հնարավորություններն են: Քննարկվեցին Հանգանակի բուժանձնակամի համար դասընթացների կազմակերպման  առաջիկա պլանները:

Այն հարցին, թե քանի շահառու ձմեռվա ամիսներին կունենա ջեռուցման խնդիր, Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը պատասխանեց, որ շահառուներից մոտ 24 տարեց օգտագործում է վառելափայտ: Նրանք վստահաբար կունենան խնդիր, քանի որ անտառների մեծ մասը գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Իսկ գազի եւ էլեկտրականության անխափան մատակարարման հարցը դեռեւս լուծված չէ:

Վերջում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: