«Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնի հետ Հանգանակը համագործակցում է 2022 թվականից: Շուրջ երկու տարի, նույնիսկ եւ առանձնապես շրջափակման պայմաններում, կենտրոնի ղեկավար հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը շարունակում էր հոգեբանական խմբային պարապմունքները մեր շահառուների հետ: Բռնի արտագաղթից հետո մեր կապը շարունակվում էր եւ, երբ 2024 թվականի հունվարից Տարեցների ծրագիրը ակտիվորեն վերսկսեց իր ծառայությունները, դոկտոր Լալայանը սիրով համաձայնեց շարունակել հոգեբանական խորհդատվությունը մեր շահառուներին:
«Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնը Երեւանում վերաբացել է իր գրասենյակը եւ շարունակում է ակտիվ գործունեությունը Երեւանում եւ մարզերում: Կենտրոնի կողմից կազմակերպած մոբիլ խմբերը իրենց ծառայություններն են մատուցում Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Լոռու մարզերում: Նրանք նպատակ ունեն ընդարձակել իրենց աշխարհագրությունը եւ հասնել Հայաստանում բնակություն հաստատած յուրաքանչյուր արցախցու:
Փետրվարի 22-ին Հանգանակի պատասխանատուները հանդիպեցին «Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Լալայանի հետ: Բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվեց Հանգանակի գրասենյակի անհրաժեշտության հարցը: Կատարելով շուրջայց Կենտրոնի ընդարձակ գրասենյակում, Անահիտ Լալայանը սիրով առաջարկեց զբաղեցնել իրենց լուսավոր եւ բարեկարգ սենյակներից մեկը: Հանգանակի համար շատ անհրաժեշտ եւ կենսական կարեւոր հարցը կարելի է համարել լուծված: «Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնը իր հյուրընկալ դռները բացեց Հանգանակի առջեւ՝ առաջարկելով աշխատանքային տարածք եւ հոգեբանական ծառայություններ: Դա երբեւէ տեղական կազմակերպությունների կողմից Հանգանակի ստացած ամենաառատաձեռն նվերն է:
Կազմակերպությունը իր եւ իր շահառուների կողմից խորին երախտագիտություն է հայտնում «Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնին եւ անձամբ դոկտոր Անահիտ Լալայանին:
Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված կազմակերպության վերջին նորություններին: