Արցախի ՄԻՊ-ը օժանդակել է «Հանգանակ»-ի շահառուներին ձմռանը վառելափայտ տրամադրելու հարցում

«Հանգանակ» ՀԿ բարեկամութունը Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ նոր չէ: Նույնիսկ կարելի է ասել արդեն ավանդություն է դարձել: Չնայած այն հանգամանքին, որ բարեկամությունը սկսել ենք Արտակ Բեգլարյանի հետ այն ժամանակ, երբ նա բոլորովին էլ Մարդու իրավունքների պաշտպանը չէր, այլ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարը:  2014 թվականին կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ մենք առիթն ունեցանք հանդիպելու եւ այդ հանդիպումը դարձավ ճակատագրական՝ մենք դատապարտվեցինք իրար լինելու ընդմիշտ բարեկամներ: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք նրան ամենաանհավանական խնդրանքներով՝ սկսած տրանսպորտային միջոցներ տրամադրելուց մինչեւ խորհուրդ հարցնելու, թե բնության գրկում որտեղ կարելի է կազմակերպել շահառուների ժամանցը: Հետաքրքիր բարեկամություն է՝ ջերմ եւ ընկերական, առանց ձեւականությունների ու անկեղծ:  Մենք կարող ենք երկար ժամանակ իրար հետ չհանդիպել, բայց հանդիպելուց, կարծես երեկ էինք իրար հետ վերջին անգամ խոսել:

2018 թվականին, երբ Արտակ Բեգլարյանը դեռ ղեկավարում էր  Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մենք գործի բերումով ավելի հաճախ էինք իրար հետ շփվում եւ 2019 թվականին, կազմակերպութան արդեն 15-րդ տարեդարձի կապակցությամբ, մենք ստացանք շնորհակալագիր՝ անձամբ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Արտակ Բեգլարյանի հետ մեր բարեկամութունը շարունակվում է՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոններից, բայց այն ընդարձակվեց՝ արմատավորվելով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Հենց սա մենք նկատի ունեինք, երբ խոսեցինք ավանդության մասին:

Մենք արդեն պատմել ենք ան մասին, որ Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը «Հանգանակ» ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 6-ին հանդիպել է Շուշիի, Հադրութի եւ Մարտունու շրջաններից տարհանված միայնակ տարեցների հետ: Շատ ջերմ հանդիպում էր, մարդիկ խոսում էին իրենց հուզող հարցերից՝ հուսով, որ կստանան պատասխաններ: Հանդիպման ժամանակ մարդիկ անհանգստացած էին նաեւ սպասվող ձմռան ջեռուցման հարցով: ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հնարավոր է պետության կողմից վառելափայտի տրամադրում: Եվ սա ուղղակի խոստում չէր: Օրերս ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից զանգ ստացանք, որով խնդրում էին «Հանգանակ» ՀԿ այն շահառուների ցանկը, որոնք ջեռուցման համար օգտագործում են վառելափայտ:  Մենք սիրով տրամադրեցինք այդ ցանկը: Դա ՄԻՊ խոստումների կատարման առաջին քայլն է: Մենք վստահ ենք, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ նաեւ այլ առաջադրված հարցեր կստանան լուծումներ: